Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կալանավորված 26-ամյա Խաչիկ Կոսյանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակից է, այդ իսկ պատճառով գործն առաջիկայում կտեղափոխվի ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:
Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ Կոսյանը 6 տարի առաջ` 2010-ի հունիսի 29-ին, Երևանի Հերացի փողոցում խախտելով ՃԵԿ-ի կանոնները, չունենալով վարորդական իրավունքի վկայական, իրեն պատկանող ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել երկու աղջիկների, ովքեր տեղում մահացել էին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի վճռով` Խաչիկ Կոսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման` երեք տարի ժամկետով էլ զրկվելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: Ընդ որում` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու պատիժն ի կատար է ածվել ազատազրկման ձևով նշանակված պատժից առանձին, այսինքն` պատժի կրումից հետո երեք տարի նա իրավունք չի ունեցել մեքենա վարելու: Եվ եթե նա պատիժը մինչև վերջ է կրել, պայմանական վաղաժամկետ կամ համաներման ակտով ազատ չի արձակվել, ապա ստացվում է, որ 2016-ի դեպքի օրը նա դեռևս զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից:
Նախաքննական մարմինը, Կոսյանի մասնակցությունը սպանությանը պարզելուց զատ, պետք է պարզի նաև` արդյո՞ք նա գտնվել է ղեկին և արդյո՞ք տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցել է:
Նշենք, որ Եղիշե Խաչատրյանի և մի խումբ անձանց միջև ծեծկռտուքի վերածված վիճաբանությունը ծագել էր այն բանից հետո, երբ Խաչատրյանը խմբի անդամներին երթևեկության կանոնները խախտելու համար դիտողություն էր արել:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի սպանության գործով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով:
Գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի, որոնցից կալանավորվել է միայն մեկը` Խ.Կոսյանը, իսկ երկու անձի`Ա.Չիչոյանի և Ա.Նիկողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել է։
Քննությամբ պարզվել է նաև, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաև նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ և վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։