կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-06 14:40
Քաղաքական

ԱԱԽ-ն, ի վերջո, նոր քարտուղար ունի

ԱԱԽ-ն, ի վերջո, նոր քարտուղար ունի

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` այսօր Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:

Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան:

«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,-ասել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշելով, որ արդեն հասցրել է ծանոթանալ իր գործընկերների մի մասի հետ և համոզված է, որ Խորհուրդը կարող կառույց է, ՀՀ ԱԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ նրանց հետ միասին կփորձի անել ամեն հնարավորը՝ պարտաճանաչորեն և բարձր որակով իրականացնելու Խորհրդի առջև դրված պարտականությունները:

***

ԱՐՄԵՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կենսագրական տվյալներ

Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին Երևան քաղաքում:

1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։

1993-1996թթ. Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:

Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։

1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:

Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:

Ղեկավարել է Հայաստանի և Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների միջև առևտրատնտեսական և միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ:

2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»  բարեգործական հիմնադրամը:

2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:

Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների պարգևներով:

Մանկավարժական գիտությունների թեկնածու է։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

 

Նշենք, որ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը շուրջ երկու տարի է թափուր էր: