Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․
Հուլիսի 6-ին Թյուրքական երկրների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովն ընդունել է այսպես կոչված «Ղարաբաղյան» հռչակագիրը։ «Կայուն ապագայի կառուցում տրանսպորտի, կապի և կլիմայական գործողությունների միջոցով» թեմայով ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահները, Թուրքիայի փոխնախագահը և Հունգարիայի վարչապետը, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը։
«Ղարաբաղյան» հռչակագիրը, սակայն, սկսած իր զավեշտախառն նախաբանից, պարունակում է պատմական անցյալի իրողությունների խեղաթյուրման և ներկայի զարգացումների միակողմանի գնահատման և արժևորման ակներև տարրեր, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ։ Հռչակագրի նախաբանում ընդգծվում է այն դերը, որը «թյուրքական ժողովուրդները խաղացել են պատմության ընթացքում համաշխարհային քաղաքականության, տնտեսության և քաղաքակրթությունների զարգացման գործում»։ Հանդես գալով թյուրքական ժողովուրդների հավաքականության դիրքերից, կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը մատնանշել գեթ մեկ դրվագ իր առաջնորդած պետության հարյուրամյա պատմության ընթացքում, երբ իր ժողովրդի կողմից ստեղծվել է համաշխարհային արժեք։ Տպավորությունն այնպիսինն է, թե թյուրքական երկրների առաջնորդները կա՛մ ծանոթ չեն օտարազգի միջնադարյան պատմագիրների աշխատություններին, կա՛մ այնքան լավ են ծանոթ, որ նախընտրում են պարզապես շրջանցել այդ ճշմարտությունները։ Տվյալ պարագայում խորհուրդ ենք տալիս «համաշխարհային քաղաքակրթական արժեքներ» ստեղծած երկրների ղեկավարներին վերընթերցել, օրինակ հայ պատմագիր Արիստակես Լաստիվերցու «Պատմությունը»՝ վերհիշելու համար, թե ինչպես իրենց «քաղաքակիրթ» նախնիների վարքից «երկիրը սուգ հագավ և կործանվեց, որովհետև ոչնչացած նրա բնակիչները․ ամբողջ աշխարհից ի սպառ վերացավ ուրախությունը, ամեն տեղ միայն ողբ ու հառաչանք, բոլոր տեղերում մայն լաց և կոծ»։
Հռչակագրի նախաբանը նաև համերաշխություն է հայտնում Շուշիի՝ թյուրքական աշխարհի ժողովուրդներին համախմբելու գործում ունեցած «վիթխարի» նշանակությանը՝ որպես «Ադրբեջանի Հանրապետության միասնության վառ դրսևորում»։ Թյուրքական երկրները նաև համերաշխ են «Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ օկուպացիայից ազատված հողերը վերակառուցելու և վերականգնելու, ներառյալ լայնածավալ ականազերծման և մարդասիրական ականազերծման ջանքերում, ինչը պայմաններ կստեղծի հարյուր հազարավոր ադրբեջանցի նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի համար»։
Համերաշխության նման լայն ասպեկտներով հռչակագիրը ստորագրած բոլոր պետությունները իրենց ժողովուրդների անունից համերաշխություն են հայտնում պատմության ընթացքում Շուշիի հայության բազմակի էթնիկ զտմանը՝ 1920 թ․, 1989 թ․, 2020 թ․՝ ռասայական և էթնիկ խտրականությունը հայ տարրի նկատմամբ դնելով «Ադրբեջանի Հանրապետության միասնության» հիմքում։ «Ադրբեջանցի նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի» մասին անհանգստություն ցուցաբերելիս ինչո՞ւ են թյուրքական երկրների ղեկավարները մոռանում ընդամենը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը, որի հետևանքով և ի շարունակություն 2020 թ․ պատերազմի Լեռնային Ղարաբաղի շուրջ 150 հազար հայությունը վերածվեց փախստականի՝ կրելով վերադարձի իրավունքի իրացման միջազգային իրավունքի ընձեռած ամբողջական հնարավորությունը, սակայն բախվելով ադրբեջանական ժխտողականությանը։
«Ղարաբաղյան» հռչակագիրն իր պարզունակության մեջ սակայն «Հայտնում է իր խորը մտահոգությունը Գազայում տեղի ունեցած հումանիտար աղետի կապակցությամբ և դատապարտում է խաղաղ բնակչության անխտիր թիրախավորումը»։ Թվում է, թե ադրբեջանական վարչակարգը չէր նույն այդ թյուրքական երկրների անվերապահ աջակցությամբ 10-ամիս շարունակ Լաչինի միջանցքի շրջափակմամբ հումանիտար աղետ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ սովամահության ելքերով և առհասարակ մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներով, ադրբեջանական վարչակարգը չէր, որ ինչպես 1988-1994 թթ․, 2016 թ․ քառօրյա, 2020 թ․ 44-օրյա, 2023 թ․ սեպտեմբերյան պատերազմների ժամանակ թիրախավորել է խաղաղ քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։
Սակայն վերոնշյալ «հումանիտար խնդիրներով մտահոգ» ադրբեջանական վարչակարգը միայն պատերազմական իրավիճակներում չէ, որ սովոր է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։ 1988 թ․ Սումգայիթի, 1990 թ․ Բաքվի, 1992 թ․ Մարաղայի ջարդերն ու կոտորածները, հայկական և հայաբնակ գյուղերի ավերումներն ու պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի համակարգային հայաթափումը վկայությունն են այն բանի, որ Ադրբեջանը արդեն մեկ դարից ավելի է անավարտ պատերազմի մեջ է հայության հետ՝ որպես հավաքական երևույթ։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի նախաձեռնությամբ նման «հռչակագրային» սպառնալիքների ձևավորումը, որը հիշեցնում է անցյալ դարում իր ձախողումն ապրած պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Տպավորություն է, թե Ադրբեջանը ստանձնել է նոր ծայրահեղականության առաջնորդի դերակատարումը այն պարագայում, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը վաղուց ի վեր անհաշտ պայքար է մղում նման ախտածին երևույթների դեմ։ Մենք կոչ ենք անում հռչակագրի կողմ հանդիսացող երկրներին մասնակից չդառնալ ադրբեջանական արկածախնդրությանը և իրենց գործողություններում հենվել միջազգային իրավունքի օրինական նորմերի և սկզբունքների վրա։