կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 15:33
Իրավական

Քննարկվում է էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման հարցը

Քննարկվում է էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման հարցը

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը ԱԺ ներկայացնելու որոշումը: Դրանց ընդունումը պայմանավորված է Հայաստանում հակակոռուպցիոն բնագավառում որդեգրված քաղաքականությամբ, գույքի և մուտքերի հայտարարագրման ոլորտում միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրմամբ: Կան իրավախախտումներ, որոնք վերաբերում են բարձրաստիճան անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրերին,  նաև իրավախախտումներ, որոնք վերաբերում են այդպիսի հայտարարագրերի բովանդակությանը:

Վարչական իրավախախտում սահմանված էր այն դեպքերում, երբ այդ հայտարարագրերը չէին ներկայացվում սահմանված ժամկետներում կամ ոչ ամբողջական հայտարարագրման դեպքում: Սահմանվում էին պատասխանատվության տարբեր միջոցներ` նախազգուշացումից մինչև տուգանք:

Ինչ վերաբերում է քրեական օրենսգրքում փոփոխություններին, ապա քրեական պատասխանատվություն էր նախատեսվում բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին այն հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու, դրանցում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու դեպքում, որպես սանկցիա` նախատեսված էր թե' տուգանք, թե' ազատազրկում:

Նածագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ երկար քննարկել են այդ հարցը և այն թերի ներկայացված նախագիծ է, քանի որ  համաձայնեցված չէ էթիկայի հանձնաժողովի հետ, և չկա գործիքակազմ: «Այս ձևով ընդունումը կրելու է ձևական բնույթ` տպավորություն ստեղծելով, որ ուժեղացնում ենք էթիկայի հանձնաժողովը, այնինչ` այն մնալու է նույն վիճակում: Առաջարկում եմ հետաձգել կամ մինչ ԱԺ տանելը լուրջ փոփոխությունների ենթարկել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ մինչ ԱԺ ներկայացնելը նախագիծը կլրամշակվի` անհրաժեշտ գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններով: «Երկու տարբերակ է այս պահին քննարկվում` կա'մ էթիկայի հանձնաժողովին հնարավորություն տալ ընդլայնել աշխատակազմի հնարավորությունները, կա'մ ավելացնել հաստիքներ»,- ասաց նա:

Վարչապետն առաջարկեց իր մոտ այս հարցի հետ կապված քննարկում կազմակերպել, և եթե ընդհանուր հայտարարի չգան, անիմաստ կլինի ընդունել այդ նախագիծը: