կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 16:32
Քաղաքական

Ըստ էթիկայի հանձնաժողովի որոշման` Շմայսը պարտավոր չէ ներողություն խնդրել

Ըստ էթիկայի հանձնաժողովի որոշման` Շմայսը պարտավոր չէ ներողություն խնդրել

Հունիսի 2-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը, քննարկելով ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարքագիծը մի խումբ լրագրողների նկատմամբ, որոշում է կայացրել, որ Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները:

 

Հիշեցնենք, որ գազային համաձայնագրերի վավերացման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում մի խումբ լրագրողներ` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանն ու Հակոբ Կարապետյանը, ցուցապաստառներով լուռ ակցիա էին կազմակերպել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել ակցիայի մասնակից լրագրողների հասցեին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովը լրագրողների դիմումի որոշ կետեր չի բավարարել, բավարարվել է այն կետը, ըստ որի` էթիկայի նորմի խախտում է տեղի ունեցել:

 

Նա նշեց, որ, ԱԺ կանոնակարգ օրենքի 24 կետ 4 հոդվածի համաձայն, առաջիկա քառօրյա նիստում որոշումը կբաժանվի պատգամավորներին:

 

Հարցին` այս որոշումից հետո ի՞նչ պետք է լինի, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ընդամենը որոշում է կայացվել` էթիկայի նորմի խախտում, նա ընդամենը պետք է տեղեկանա էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը: Էնտեղ խնդիր կար պատժի ենթարկել, ներողություն խնդրել, բայց ևս մեկ անգամ պետք է տեղեկացնեմ, որ էթիկայի հանձնաժողովը նման լիազորություն չունի, որևէ մեկը իրավունք չունի կանչել պատգամավորին ու ասել, որ նա պետք է ներողություն խնդրի: Էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ կա էթիկայի նորմերի խախտում, թե ինչ դրսևորում կունենա պարոն Առաքել Մովսիսյանի մոտ, դա բացառապես իր խնդիրն է, ուրիշ ոչ մեկի»: