Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 12:06
Քաղաքական

Հույս էլ չկա, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը կկայանա. փորձագետ

Հույս էլ չկա, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը կկայանա. փորձագետ

ԱԺ էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը դեռևս չի կայացել. լրագրողներին այսպիսի կարծիք հայտնեց «ԱԺ մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը՝ հավելելով՝ այն կառուցակարգերը, որոնք դրվել են «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հաստատագրում են,  որ առաջիկայում էլ կայանալու միտում չունի:

Աբրահամյանի խոսքով՝ էթիկայի հանձնաժողովը չի կատարում մի շարք գործառույթներ, որոնց կատարումը սույն հանձնաժողովի գործունեության կարևոր նախապայմանը պետք է լիներ: «Հակակոռուպցիոն դերը չի կատարում, վստահության անկում կա, պատգամավորների կողմից ինստիտուտի կարևորությունը չի գնահատվում»,- ասաց նա:

Փորձագետի բնութագրմամբ՝ ԱԺ 3-րդ նստաշրջանի ընթացքում, երբ էթիկայի հանձնաժողովի նախագահությունը հանձնված էր ՀԱԿ-ին, և հանձնաժողովի նախագահն էր Նիկոլ Փաշինյանը, արձանագրվել է դիմումների առատություն, և միայն այդ ժամանակ է, որ պատգամավորի կատարած խախտումը հրապարակային է եղել: «Սա շատ կարևոր հարց է, քանի որ բարոյական պարսավանքի տարրեր է պարունակում, և ենթադրվում է, որ պետք է պատգամավորների վարքագծի վրա ազդեցություն ունենա: Բայց հիմա արդեն սահմանափակվում են նրանով, որ կայքում հրապարակվի դա, և վերջ»,- ասաց Աբրահամյանը՝ շարունակելով մատնանշել այն թերությունները, որոնք արձանագրվել են  էթիկայի հանձնաժողովի գործունեության ընթացքում:

«Նույնական իրավիճակներում նախադեպային որոշումներով չեն առաջնորդվում և կայացվում են լրիվ հակառակ որոշումներ: Մի դեպքում ներկայացված իրավիճակը կարող է համարվել էթիկայի խախտում, մյուս դեպքում՝ վարույթ չընդունվել»,- բացատրեց փորձագետը՝ հավելելով. «Շատ վատ է, որ էթիկայի հանձնաժողովի որոշումները որևէ հետևանք չեն ունենում: Էթիկայի հանձնաժողովը որևէ ներգործություն չի ունենում պատգամավորների վարքագծի վրա: Սա հարգանքի բացակայության դրսևորում է նաև հասարակության նկատմամբ»:

Աբրահամյանի խոսքով՝ էթիկայի հանձնաժողովը որոշ դեպքերում կամայական որոշումներ է կայացրել: «Նույնիսկ ապագայի հետ կապված էլ հույս չկա, որ այս ինստիտուտը կկայանա»,- նշեց նա: