կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-01 14:23
Հասարակություն

ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխարեն պետք է ունենանք «ճշտով» հանձնաժողով

ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխարեն պետք է ունենանք «ճշտով» հանձնաժողով

ԱԺ էթիկայի հանձնաժողովը լրիվ ավելորդ է` մեր ազգային նկարագրին ու քաղաքակրթությանը չհամապատասխանող, և ավելի լավ կլիներ ունենայինք «ճշտով» հանձնաժողով, քանի որ ունենք նույն արժեհամակարգին համապատասխան պատգամավորներ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվող վերջին դեպքերի մասին, նման կարծիք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նրա կարծիքով` էթիկայի ոլորտը շատ նուրբ ոլորտ է, և յուրաքանչյուր հասարակություն իր համար է սահմանները որոշում` ինչ է հասկանում դրա տակ: «Բոլորս էլ սխալական ենք, բայց կարևոր է զղջալ մեղքերի համար, կարողանալ սեփական անձի հանդեպ քննադատաբար վերաբերվել: Էթիկայի առաջին պահանջը հենց դա է»,- ասաց Բաբայանը:

Լրագրողը, ըստ նրա, կարող է պատգամավորին մոտենալ կամ չմոտենալ, դա գլխավոր հարցը չէ, քանի որ լրագրողը մոտենում է` սպասելի արձագանքը լսելու, իսկ հարցին պատասխանողն էլ, իր հերթին, գիտի` իր արձագանքն ինչ ալիք է բարձրացնելու: Խնդիրն այն է, որ, ըստ Բաբայանի, հաճախ ուրիշ քաղաքակրթական դաշտում գտնվողին փորձում ենք բերել քաղաքակիրթ դաշտ:

Անդրադառնալով վերջին` Շուշան Պետրոսյանի հետ կապված դեպքին, երբ, ֆեյսբուքյան մի օգտատիրոջ` բանակի մասին բացասական գրառմանն ի պատասխան, պատգամավորը գրել էր. «Լակոտ, աչքերդ կհանեմ», Բաբայանը նշեց, որ իրեն էլ էր զայրացրել աղջկա գրառումը, բայց ավելի ճիշտ կլիներ, որպես մեծ, խոսել նրա հետ, դա ավելի մեծ դեր կխաղար: «Ո՞վ է ասել, որ կոպտությունը դաստիարակչական դեր է կատարում: Նա, ով ցանում է քամի, հնձում է փոթորիկ: Այդպես էլ եղավ»,- ասաց նա:

Շուշան Պետրոսյանի կապակցությամբ ԱԺ էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը, թե այդպես տանը խրատում են փոքրերին, ըստ Բաբայանի, մեղմ ասած, զարմանալի է: «Այդ ի՞նչ հպարտանալու ձև է, թե տանն էլ այդպես ենք խոսում, ի՞նչ է, ուրիշ ձև չունե՞նք իրար հետ շփվելու: Մեր ընտանիքում, օրինակ, ոչ ինձ են նման կերպ խրատել, ոչ էլ ես եմ իմ երեխաներին այդ կերպ խրատներ տվել»,- նշեց նա:

Բաբայանի համոզմամբ` նման հարցերը միայն օրենքով չեն լուծվի, իսկ էթիկական նորմերը գալիս են ուրիշ տեղից` ընտանիքից, կրթությունից: Ըստ նրա` միայն օրենքները խստացնելով` որևէ երկրում քաղաքակիրթ հասարակություն չի ստեղծվում, կրթելով պետք է հասնել դրան:

«Կրթությումբ պետք է մշտապես զբաղվել, քանի որ հենց դադարում ես կրթվել, ծուղակի մեջ ես ընկնում, իսկ հենց մտածում ես, որ` վերջ, ամեն ինչ գիտես, դառնում ես անհետաքրքիր: Կյանքը շարունակական է, և հենց կանգ առար, հետ ես մնալու»,- ասաց Բաբայանը: