կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-02 15:09
Հասարակություն

Կամավորականների սոցիալական կարգավիճակը հավասարեցվեց զինծառայողների կարգավիճակին

Կամավորականների սոցիալական կարգավիճակը հավասարեցվեց զինծառայողների կարգավիճակին

Այսօր կառավարության նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշում, որը պայմանավորված է Հայաստանի ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց  սոցիալական երաշխիքներ տալու անհրաժեշտությամբ, մասնավորապես` ՀՀ օրենսդրությամբ սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության և մարտական գործողություններին մասնակցելու մասով զոհված զինծառայողների ընտանիքների համար, ինչպես նաև հաշմանդամ դարձած զինծառայողների համար:

Զոհված զինծառայողի ընտանիքին տրվում է ապահովագրական գումար` միանվագ` 2 միլիոն դրամի չափով, հուղարկավորության ծախսերի համար փոխհատուցում` միանվագ` 700 հազարի չափով, գերեզմանների բարեկարգման համար` միանվագ` 1 միլիոն 400 հազար դրամ: Բացի դրանից` վճարվում են նաև ամսական գումարներ, մասնավորապես` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ` միջինը 43  հազար դրամ` սպայական անձնակազմի համար, ենթասպայական կազմի համար` միջինը 35 հազար դրամ, շարքային զինծառայողների համար` միջինը 24 հազար դրամ:

Սահմանված են նաև պարգևավճարներ` 13-16  հազար դրամ, աշխատանքային կենսաթոշակ ստացողի համար` 31-38 հազար դրամ: Ընտանիքի բոլոր անդամների համար, անկախ կենսաթոշակ ստանալուց, սահմանվում է 30 հազար դրամ` ամսական: Հաշմանդամ դարձած կամավորականների համար ևս սահմանված են սոցիալական երաշիքներ:

Նախարարը խոսեց նաև կամավորականների մասին` ասելով որ կարգավորվում է նրանց սոցիալական երաշխիքների կարգավիճակը: Մասնավորապես` կամավորականները, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի և զոհվել էին, կարգավիճակի առումով կար խնդիր, քանի որ օրենսդրությամբ սոցիալական երաշխիքներ չէին տրամադրվում: Այս օրենքով կառավարությունը լուծում է այդ խնդիրը, այն է` ծառայության մեջ չգտնվող անձինք` կամավորականները, հավասարեցվեցին զինծառայողների կարգավիճակին, և նրանց ընտանիքները կարող են օգտվել սոցիալական երաշխիքներից: