կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 20:56
Իրավական

Ապրիլյան պատերազմի մասնակիցների կարգավիճակին մինչ օրս իրավական ձևակերպում չի տրվել. փաստաբան

Ապրիլյան պատերազմի մասնակիցների կարգավիճակին մինչ օրս իրավական ձևակերպում չի տրվել. փաստաբան

ՊԲ ցանկացած զորամասի շտաբի ղեկավար կամ հրամանատար ինքնագլուխ չէր կարող զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական գործողության մասնակցած լինելու վերաբերյալ գրառում կատարել: Ինքնագործունեությամբ չէին կարող զբաղվել նաև զինկոմիսարիատներում՝ ջնջելով կամ «անվավեր» նշում կատարելով զինգրքույկներում առկա գրառումների վրա: Նման կարծիք Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով զինգրքույկներում նման գրառումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ` ՊԲ-ի պարզաբանմանը:

Նշենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի` զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով:

Նորիկյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ թե’ զինկոմիսարիատները և թե' զորամասերը համապատասխան հրաման են ստացել:

Դիտարկմանը` արդյո՞ք հանցագործության հատկանիշներ չի պարունակում այն, որ պաշտոնական կարևորագույն փաստաթուղթ համարվող զինգրքույքում սխալ կամ կեղծ տվյալներ են ներկայացվել, եթե, իհարկե, այդ զինծառայողները չեն մասնակցել մարտական գործողության, փաստաբանը պատասխանեց. «Զինվորական գրքույկը փաստաթուղթ է, և այդտեղ կեղծ կամ անվավեր նշում կատարելը պետք է իրավականորեն հիմնավորվի, սակայն չեմ կարծում, թե պետք է խորանալ քրեաիրավական հետևանքների մեջ»:

Նորիկյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը պետք է համապատասխան պարզաբանում տարածեր և պատասխաներ երկու կարևոր հարցերի`

1. ո՞ր իրավական ակտով է սահմանվել զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելը,

2. ո՞ր իրավական ակտով են անվավեր համարվել այդ գրառումները:

Փաստաբանը տարընթերցումներից խուսափելու համար միաժամանակ անհրաժեշտ է համարում տարբերակել «մարտական գործողությունների մասնակից» և «մարտական հերթապահություն» հասկացությունները: Նրա խոսքով՝ այս երկու հասկացությունները տարբերվում են միմյանցից թե՛ բովանդակությամբ, թե՛ կարգավիճակով։

Այսպես` ՀՀ կառավարության 2000թ. թիվ 778 որոշմամբ` սահմանվել է «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակը, համաձայն որի՝ մարտական գործողությունների մասնակից են համարվում 1989-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝

ա) ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում,

բ) կանչվել են եռամսյա վարժական հավաքների,

գ) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

դ) ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը,

ե) հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի,

զ) գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:

Ինչ վերաբերում է մարտական հերթապահություն իրականացնելու հանգամանքին, Նորիկյանը նշեց, որ, «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 362-րդ հոդվածի համաձայն, մարտական հերթապահությունը մարտական առաջադրանքի կատարումն է: Այն իրականացնում են զինված ուժերի տարբեր տեսակների և զորատեսակների զորամասերի ու ստորաբաժանումների նշանակած հերթապահ ուժերը և միջոցները: Հերթապահ ուժերի և միջոցների շարքն են դասվում մարտական անձնակազմերը, կառավարման կետերի, մարտական ապահովման և սպասարկման ուժերի միջոցների հերթափոխերը:

Նորիկյանի խոսքով՝ ապրիլյան դեպքերից հետո մինչ օրս որևէ իրավական ձևակերպում չի տրվել ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակին, դրա վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ մինչ օրս չկա կամ չի հրապարակվել: