կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-20 17:38
Մշակույթ

Մայրաքաղաքը սկսվում է սահմանից. Բաղանիսի դպրոցի գրադարանը կհամալրվի նոր գրքերով

Մայրաքաղաքը սկսվում է սահմանից. Բաղանիսի դպրոցի գրադարանը կհամալրվի նոր գրքերով

Վերջերս, երբ սահմանամերձ Բաղանիսի տարրական դասարանների երեխաների համար միջոցառում էր կազմակերպվել, ու նրանք նամակ էին գրել Ձմեռ պապին, մեծ մասը գրքեր էր ուզել Ձմեռ պապից: Այսօր Գրքի երևանյան առաջին փառատոնի  մեկնարկն ազդարարող  բարեգործական գրքահավաք տեղի ունեցավ: Հայտնի ու ոչ հայտնի մարդիկ իրենց գրադարանից գրքեր էին բերել, որոնք, մակագրելով, նվիրեցին Բաղանիսի դպրոցի գրադարանին:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Բաղանիսի միջնակարգ դպրոցն ունի լավ պահպանված գրադարան, սակայն գիրքը երբեք ավելի չի լինում: «Մեզ մոտ սիրում են կարդալ, գրականությունն ու գիրքը Բաղանիսում առաջնային տեղ ու կարևորություն ունեն: Մեր ունեցած գրքերի վիճակը լավ է, բայց գրքերի համալրման կարիք ունենք: Շատ ուրախ ու ոգևորված եմ, որ երիտասարդությունը նման միջոցառում է կազմակերպել, ու այսքան ակտիվ մասնակցություն կա: Գաղտնիք չէ, որ մեր երիտասարդությունը վերջին տարիներին գրքից կտրվել է ու ավելի շատ էլեկտրոնային միջոցներն է նախընտրում, բայց հուսանք, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ կլինի դեպի հետ՝ գիրքը, որն իրականում մեկ քայլ առաջ է»,- ասաց Սահակյանը:  

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը երեք գիրք նվիրեց Բաղանիսի դպրոցին՝ Սևակի, Չարենցի և Կոստան Զարյանի գործերը: Նա նշեց, որ միջոցառումն իրականում  կարևոր է ոչ այն բանի համար, որ գիրք են հավաքում, այլ այն, որ միավորվում են մեկ գաղափարի՝  գրքի շուրջ: «Ըստ էության՝ այսօրվա միջոցառումն ազդարարում է գրքի երևանյան փառատոնի բացումը: Մենք շարունակելու ենք պետության աջակցությամբ ժամանակակից գրականության հրատարակության աշխատանքները, բայց արդեն` փառատոնի տեսքով: Փառատոնը, ըստ էության, այն նույն ծրագիրն է, որը տարիներ շարունակ իրականացրել է պետությունը»,-ասաց նախարարը:

Հովհ. Թումայանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ Վահան Հովհանիսյանի «Մանդիլիոնը» նվիրեց Բաղանիսի դպրոցի գրադարանին: Նա նշեց, որ հուսով է՝ գիրքը նոր հորիզոններ կբացի ընթերցողների համար: «Վահան Հովհաննիսյանը տիեզերական մտածողության տեր մարդ էր և դժվար էր տեղավորվում մեր շրջանակների մեջ: Նրա գիրքն էլ, «ոտքից գլուխ» լինելով հայ մտավորականի գիրք, տիեզերական հորիզոններ է բացում յուրաքանչյուրի առջև՝ և' պատմության հորիզոնականի տեսակետից, և' հավերժության ուղղահայացության տեսակետից»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ գիրքն, առհասարակ, միտք է, երկխոսություն և քաղաքակրթության կարևոր մասնիկը: «Համոզված եմ, որ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է, և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի ընթերցելու մեծագույն իրավունք և պարտականություն: Մենք, նույն սկզբունքից ելնելով, հաճախ մեր ներկայացումները տանում ենք սահմանամերձ համայնքներ: Մեր մայրաքաղաքը սկսվում է սահմանից՝ սրանով ամեն ինչ ասված է»,- ասաց Բաբայանը:

Դերասան Նարեկ Դուրյանը, ով Թումանյանի գրքով էր եկել միջոցառմանը, նշեց, որ ընտրել է հենց Թումանյանի գործերը, քանի որ դրանք տարիքային սահմանափակում չունեն, և յուրաքանչյուրն այն կարող է կարդալ: Նրա կարծիքով՝ գրքի փառատոնը, գրքահավաքը մի շարք խնդիրներ կլուծեն: Դերասանը համոզված է՝ երիտասարդներն այսօր մի քիչ դժվար են կարդում, բայց ուսուցիչները կարող են պնդել, որ կարդան, ինչն ամենևին էլ դիկտատուրա չէ:

Թատերական գործիչ Արթուր Ղուկասյանը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գործով է համալրելու Բաղանիսի դպրոցի գրադարանը: Ըստ նրա`  կարդալը շնչելու պես բան է: «Երևանում մարդիկ սկսել են քիչ կարդալ, և դա պայմանավորված է տեխնիկայի զարգացմամբ, իսկ սահմանամերձ գյուղերում չկա թատրոն, ժամանցի այլ վայրեր: Սա հիանալի նախաձեռնություն է, մշակույթն է մարդուն մարդ դարձնում, կրթում: Բարդությունները կապ չունեն, եթե մարդն ուզում է մարդ դառնալ, անպայման կհասնի իր նպատակին»,- ասաց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-26-ը տեղի կունենա Գրքի երևանյան փառատոն, որը կազմակերպել է «Միհր» ստեղծագործների միության ղեկավար Շողակաթ Գալստյանը: Փառատոնի ընթացքում ընթերցասերները հնարավորություն կունենան մասնակցելու գրքի ցուցահանդես վաճառքի և  մի շարք միջոցառումների, որոնք կանցկացվեն  նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք, Հանրապետության հրապարակ)։