Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանդակագործ Դավիթ Բեջանյանի հեղինակած «Ճանապարհաշինարարներին» պղնձաձույլ արձանը, որը գտնվում էր Երևան-Սևան մայրուղու` Չարենցավան քաղաքին հարող տարածքում, այլևս չկա: Օրեր առաջ, երբ մեր լրագրողը լուսանկարել էր կողոպտված արձանը, ֆիքսել էր, որ արձանից մնացել է միայն կնոջ «կիսանդրին», իսկ երեկ արդեն հայտնի դարձավ, որ ուժեղ քամու հետևանքով պոկվել է նաև այդ հատվածը:
Yerkir.am-ը ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանից տեղեկացավ, որ արձանի վերջին բեկորը տեղափոխվել է ապահով վայր` Չարենցավանի հաստոցաշինական գործարան: Նա հայտնեց, որ արձանը 99 տոկոսով վերականգնելու ենթակա չէ:
«Դեռևս չորս տարի առաջ այն հուշարձան չէր կոչվում, սակայն երբ արձանի մի մասը գողացան, մի մասն էլ վնասվեց, մշակույթի նախարարությունը դիմեց կառավարությանը` այն հուշարձանների պետական ցուցակ ընդգրկելու համար»,- պատմեց մեր զրուցակիցը` նշելով, որ դեռևս այն ժամանակ հրավիրել են Բեջանյանին և նրա հետ քննարկել արձանը վերականգնելու հարցը:
«Երջանկահիշատակ քանդակագործը նշեց, որ այն վերականգնման ենթակա չէ, նոր լուծումներ առաջ քաշվեցին, որոնք այն ժամանակ հարմար չէին: Մենք առաջարկեցինք ընդհանրապես ապամոնտաժել և տեղն այլ արձան դնել, սակայն մշակույթի նախարարության առաջարկով կիսավնասված արձանն ընդգրկվեց մշակութային հուշարձանների շարքը»,- ասաց նա:
Թե ի՞նչ կլինի արդեն ոչնչացված հուշարձանի տեղում, դեռևս պարզ չէ: Հայտնի չէ նաև, թե ինչ է լինելու գործարանին ի պահ տրված` հուշարձանի վերջին բեկորների հետ: