կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-19 12:30
Քաղաքական

Սայլը տեղից շարժվեց

Սայլը տեղից շարժվեց

Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարության նիստից առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, վարչապետի հանձնարարականի համաձայն, տնտեսման քաղաքականությանն ուղղված քայլերն ու որոշումները:

Ըստ Դավիթ Հարությունյանի` բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների թիվը կրճատվում է 107-ով, իսկ ՊՈԱԿ-ներում, բաժնետիրական ընկերություններում ու հիմնարկներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Առաջարկվում է ֆինանսների նախարարին հանձնարարել կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական մեքենաների սահմանաքանակի նվազեցումը, ինչպես նաև կրճատված մեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը:

Նախապատրաստվելու է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով արգելվում է սպասարկող, այսինքն` հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնական անձի:

«Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների նպատակայնության վերաբերյալ: Բոլոր` նշածս մարմինների պաշտոնական կայքէջերում պետք է զետեղվի տեղեկատվություն` մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Պետք է արգելվի ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկներին պատկանող մարդատար մեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին: Ավտոմեքենաների կրճատման հետ կապված աշխատանքները շարունակվում են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա` առաջարկվում է բյուջետային միջոցները խիստ նպատակային ու արդյունավետ օգտագործել, այդ նպատակով հանձնարարական պետք է տալ պետական կառավարման մարմիններին` նպատակային օգտագործել 2016թ. պետբյուջեով նախատեսված, ներառյալ` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերում, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը: Բոլոր վերաբաշխումները պետք է համաձայնեցնել վարչապետի հետ:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էլ զեկուցեց պետական ապարատի օպտիմալացման մասին: Ըստ նրա` ստեղծվել է աշխատանքային խումբ, և ժամանակի ընթացքում կներկայացնեն առաջարկություններ:

Վարչապետը հանձնարարական ուներ նաև էկոնոմիկայի նախարարին: «Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին` կազմել հուշաթերթ, որ բոլոր այն գործարարներն ու բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր ցանկանում են ներկրումով զբաղվե, նրանց համար հասանելի լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: Ապահովել բոլոր տեսակի ստուգումների արդար արդյունքները: ՊԵԿ-ին հանձնարարություն` որ հարկային ու մաքսային հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր ներկրողների համար: Դա լինելու է վերահսկողության ծառայության ուշադրության ներքո, ամեն շաբաթ ստուգվելու է: Բոլոր նման հայտարարությունների նկատմամբ լինել ուշադիր»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նիստի վերջում վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ բոլոր պատկան մարմինները պետք է պատասխանատու ձևով իր հնչեցրած հանձնարարականները կատարեն, հետամուտ լինեն, որպեսզի վերականգնվի հասարակության վստահությունը կառավարության ու իշխանությունների նկատմամբ: