Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր լրացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այն բոլոր խնդիրները, որոնք կային Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք, չեն լուծվել նոր կառավարության պաշտոնավարման ժամանակ:
«Մեկ տարին դեռևս երկար ժամանակ չէ, բայց անկեղծ պետք է լինենք և ասենք, որ այն բոլոր խնդիրները, որոնք կային Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք, չեն լուծվել նոր կառավարության պաշտոնավարման ժամանակ: Աղքատություն, գործազրկություն, ներդրումների ծավալ և այլն»,- ասաց նա:
Մելքումյանը նշեց նաև, որ ինքը` որպես պատգամավոր, չի կարող չասել, որ այն բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով ինքն ու ԲՀԿ-ն ներկայացել են, կառավարությունը շատ ավելի մոտիկից է ուզում քննարկել, տեսնել: «Իհարկե, բոլոր նախաձեռնությունները չէ, որ ընդունվում են, նաև մերժվում են որոշները, բայց ես պետք է ասեմ, որ այս կառավարությունը ցանկություն ունի քաղաքական ուժերի հետ ավելի շատ համագործակցելու: Բայց ի՞նչ կարող է ստացվել դրանից, դեռ կյանքը ցույց կտա»,- ասաց նա:
Միքայել Մելքումյանը դժվարացավ Հովիկ Աբրահամյանի կառավարման մեկ տարվա ընթացքում տնտեսության մեջ բարվոք ցուցանիշներ արձանագրել, սակայն շեշտեց այն հանգամանքը, որ, այնուամենայնիվ, շփման, համագործակցության, սայլը տեղից շարժելու ցանկություն ինքը տեսնում է: «Կոնկրետ վարչապետը քաղաքական ուժերի հետ համագործակցության ցանկություն հայտնող տեսակ է: Թե այդ համագործակցությունը ի՞նչ որակի և խորության կլինի, դա էլ երկրորդ հարցն է: Առայժմ այդ ցանկությունը ես տեսնում եմ անձամբ վարչապետի մոտ, բայց արդյունքներն էլ մեզ համար պետք է տեսանելի լինեն, որը ես առայժմ հստակ չեմ տեսնում»,- ասաց պատգամավորը:
Միքայել Մելքումյանը խոսեց նաև Հովիկ Աբրահամյանի այն խոստման մասին, որը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարին: «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լիներ համակարգային: Օրինակ` դրոշմապիտակների օրենսդրության մասին չեմ կարող չասել: Ես չեմ ուզում արդարացնել որևէ բան, սակայն դրոշմապիտակների օրենսդրության ընդունումը ստվերի նվազման է հանգեցրել, բայց սա չի նշանակում, որ հանրապետությունում կոռուպցիոն ռիսկերը նվազել են»,- եզրափակեց պատգամավորը: