կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 13:37
Հասարակություն

Գիշերը Ջաբրայիլում զոհված 20-ամյա Խաչիկն աչքի էր ընկել ապրիլյան պատերազմում. մանրամասներ

Գիշերը Ջաբրայիլում զոհված 20-ամյա Խաչիկն աչքի էր ընկել ապրիլյան պատերազմում. մանրամասներ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող` 20-ամյա Խաչատուր Հարությունյանը Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղից էր, ընտանիքի միակ արու զավակը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը: Նրա խոսքով` ընտանիքը սոցիալապես ծանր վիճակ է: Խաչատուրը սովորում էր Գյումրու տնտեսագիտական համալսարանում, գյուղապետի խոսքով` խելոք, աշխատող երեխա էր: Նա պետք է զորացրվեր հունվարին:

Yerkir.am-ի տեղեկություններով` Խաչատուրը ծառայում էր Ջաբրայիլում և աչքի էր ընկել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ:

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այս գիշեր հակառակորդի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան (Հադրութ) և արևելյան (Մարտունու) ուղղություններով: Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում, ինչի հետեւանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում մայիսի 17-ին` ժամը 00:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Վարդանի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: