կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 21:50
Հասարակություն

Հանգիստ քնի` առավոտ գալու եմ. ապրիլյան պատերազմում զոհված Նվերի անավարտ սերը

Հանգիստ քնի` առավոտ գալու եմ. ապրիլյան պատերազմում զոհված Նվերի անավարտ սերը

«Հանգիստ քնի, առավոտ գալու եմ»… Ապրիլյան պատերազմում զոհված հետախույզ Նվերի վերջին հաղորդագրությունը Զոյկան պահել է հեռախոսում: 

Թաղասերցի Զոյկան հերոսի իր անկյունն ունի` սրտին մոտիկ, փակ… իր հերոսն ուրիշ է, թերևս իր համար` անփոխարինելի: 19-ամյա ուսանողուհու հերոսն իրենցից մի թաղ այն կողմ էր ապրում` բարձրահասակ, ամրակազմ, շիկահեր տղա էր: Նվերը մի ժամանակ դպրոցի բակապահն էր. հենց այդ տարիներից էլ աչքադրել էր իրեն, 4 տարի սիրահետել, մի օր էլ որոշել ու աղջկա մատին մատանի էր դրել: Նվերի զոհվելուց 40 օր անց էլ նշանադրության մատանին զարդարում է Զոյկայի նուրբ մատները. հիմա մատանին մատին մեծ է, Նվերից հետո աղջկա մատները բարակել են, օրերը` երկարել:

40 օր առաջ Զոյկայի ժպիտի մեջ կյանք կար, կյանքի մեջ` ժպիտ: Այն ժամանակ ինքն իրեն ժպիտ չէր պարտադրում, ժպիտը հայտնվում էր առանց հարցնելու` Նվերի հեռախոսազանգի և ուղարկած հաղորդագրության տեսքով: Ապրիլյան այդ օրերին Նվերն ապագա հարսնացուին տեսնելու ժամանակ չուներ: Խոստացել էր դիրքերից իջնելուն պես գալ տեսության: Զոյկան իր կարոտը հեռախոսով էր մեղմում: Իսկ հիմա կարոտին դիմանալ կլինի՞:

«Ասում էի գնար` ողջ հետ գար, կարոտին կդիմանայի, իսկ հիմա ինքս ինձ խաբում եմ… չեմ հավատում, եթե հավատամ` կտանջվեմ, եթե սկսեցի հավատալ` ինձ համար է վատ լինելու»,-անկեղծանում է աղջիկը: Զոյկան շուտով համալսարանը կավարտի, Նվերի հետ որոշել էին` ավարտեր` ամուսնանալու էին:

Ընկերուհիները Զոյկային մենակ չեն թողում, զբոսնում են հետը, զրուցում, ասում սփոփանքի բթացած բառերը` «Կյանքը շարունակվում է»: «Ինձ համար կյանքը կանգնել է, ոչ մի բան չկա… գիտեմ, մի օր կշարունակվի, բայց ոչ առաջվա պես, սրտիցս մի մասնիկ պոկվել է, չկա»:

Աղջնակը թերթում է իր ու Նվերի նկարների ալբոմն ու ամեն մի թողած ակնթարթի հետ ժպտում: Նկարներից մեկը նորից խամրեցնում է աղջկա ժպիտը. Նվերն ու ինքն են` իրար գրկած: Նվերը զինվորական համազգեստով է, ինքը ` դպրոցական: «Ասում էր` իմ առաջին կյանքը դու ես, մյուսը` հայրենիքս»,- պատմում է աղջնակն ու փակում ալբոմը:

Հետախույզ, դիպուկահար, գնդացրորդ Նվեր Սիմոնյանն ապրիլի 4-ին հոգին ավանդեց եղբոր գրկում` ապագա հարսնացուին ստիպելով հավերժ սպասել խոստացած հանդիպմանը: Նվերից Զոյկային նվեր մնաց միայն մատի մատանին ու ակնթարթի պես անցած չորս տարիները:

Թագուհի Մելքոնյան