կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-26 12:30
Հասարակություն

Հոսպիտալի պետին խնդրել էր` իրեն հետ ուղարկել դիրքեր. երեկ զոհված Վահեն աչքի էր ընկել ապրիլյան մարտերում

Հոսպիտալի պետին խնդրել էր` իրեն հետ ուղարկել դիրքեր. երեկ զոհված Վահեն աչքի էր ընկել ապրիլյան մարտերում

Yerkir.am-ի տեղեկություններով` ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երեկ մահացու հրազենային վիրավորում ստացած` ՊԲ զինծառայող 19-ամյա Վահե Եղոյանն Արարատի մարզի Նորաբաց գյուղից էր:

Yerkir.am-ի հետ զրույցում Նորաբացի գյուղապետ Գալուստ Գալստյանը հայտնեց, որ զոհված Վահեն երկվորյակ եղբայրներից մեկն էր: Նրա զույգ եղբայրը` Վարդանը, տարկետում ունի և դեռ չի անցել ծառայության, իսկ մեծ եղբայրը նույն` Մատաղիսի զորամասում է ծառայել: Գյուղապետի խոսքով` Վահեն «Հայբուսակ» համալսարանի ուսանող էր, ընդունվելուց հետո անցել էր ծառայության. ապրիլին լրացել էր ծառայության 10 ամիսը:

Գալստյանը պատմեց, որ Վահեն ակտիվ մասնակցություն էր ունեցել ապրիլյան մարտական գործողություններին: «Այդ օրերին առողջական խնդիրներ ուներ, տարել էին հոսպիտալ, չէր մնացել, հոսպիտալի պետին խնդրել էր ` իրեն շուտ հետ ուղարկել, ասել էր` ամոթ ա, ես էստեղ եմ, տղերքն էնտեղ, ու գնացել էր` մարտերին մասնակցել: Կարգին, հայրենասեր տղա էր»,- ասաց նա:

Գյուղապետը հայտնեց, որ տեղյակ չէ, թե ինչպես է եղել դեպքը, սակայն նշեց, որ Վահեին հետմահու ներկայացրել են Արիության համար մեդալի: