Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումը որակեց «արդյունավետ և խոստումնալից»: «Հանդիպումն, իրոք, շատ կարևոր է եղել, որովհետև բանակցային գործընթացն այս քառօրյա պատերազմի, Ադրբեջանի ցուցաբերած ագրեսիայի հետևանքով կոմայի մեջ էր ընկել, և սա վերակենդանացման մի կարևոր լիցք է: Ճիշտ է` գործընթացը դեռևս կոմայի մեջ է գտնվում, բայց այդ լիցքը շատ կարևոր էր»,- ասաց նա:
Բաբայանն առանձնացրեց հանդիպման ամենակարևոր արդյունքները: «Առաջինը շեշտվեց, որ անհրաժեշտ է պահպանել 1994-1995 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունը, ինչը շատ կարևոր է և նշանակում է, որ ցանկացած փորձ` ուժի միջոցով փոխել ռազմաքաղաքական դասավորվածությունը և հավասարակշռվածությունը, անընդունելի է: Այդ պայմանագրերը եղել են եռակողմ, այսինքն` Արցախի Հանրապետությունը լիարժեք ձևով մասնակցել է դրանց, հետևաբար, եթե դրանք պահպանվել են, ուրեմն պետք է, որ Արցախը մասնակցի այդ գործընթացին: Շատ կարևոր է եղել այն, որ շեշտվել է հետաքննական մեխանիզմների ներդրման մասին: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ հակամարտությունն ունի տարբեր հարկեր, և պետք է սկսել ստորին հարկից կառուցել այդ շենքը, եթե ստորին հարկն անտեսվում է, ինչպես եղել է մինչ այդ, ապա հիմքն ամուր լինել չի կարող: Պետք է լինեն հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումների վայրը, ժամը և խախտողին»,- ասաց նա:
Բաբայանի խոսքով`այս ամենն Ադրբեջանի սրտով չէ, բայց այդ երկիրը ստիպված պետք է ընդունի դա: «Կրկնում եմ` ես վարդագույն ակնոցով չեմ նայում այդ ամենին. Ադրբեջանը թեպետ ընդունել է, բայց ամեն ինչ անելու է, որ պրակտիկորեն խոչընդոտի գործընթացին: Դա, իհարկե, արդեն միջազգային հանրության և ՄԽ համանախագահների խնդիրն է, իրենք էլ պետք է ամեն ինչ անեն, որ սահմանափակեն ագրեսորի այս քայլերը: Դա կպահանջի տեխնիկական և մարդկային լրացուցիչ ռեսուրսներ: Տեխնիկականն այն է, որ միգուցե սահմանի ողջ երկայքով տեղադրվեն ինչ-որ սարքավորումներ: Դա կպահանջի, որ հետագայում արբանյակներից մշտադիտարկումներ կատարվեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակները, որոնք կան Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում, Թիֆլիսում, պետք է համալրվեն համապատասխան մասնագետներով, պետք է աշխատանքներ տարվեն բազմաթիվ հարթություններում, բազմաթիվ գերատեսչությունների միջև: Սա համապարփակ գործընթաց է, որ նաև երկարատև է լինելու»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում էլ Ադրբեջանը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը, և հայկական կողմը մեկ զոհ ունի, Բաբայանն ընդգծեց` իր ասածը, որ Ադրբեջանը ձևականորեն ու տեսականորեն ընդունելու է պայմանավորվածությունը, բայց պրակտիկորեն շարունակելու է խախտումներ անել, ապացուցում է նաև այդ: «Պետք է միջազգային հանրությունն ավելի հասցեական և կոշտ դիրքորոշում ցուցաբերի, որովհետև սա արդեն նշանակում է անհարգալից վերաբերմունք նաև գերտերությունների նկատմամբ»,- եզրափակեց նա: