կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-08 11:24
Առանց Կատեգորիա

Ֆրանսիական տուրնեի հայկական խոստումնալից սկիզբը

Ֆրանսիական տուրնեի հայկական խոստումնալից սկիզբը

Չնայած Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջանային է եւ աշխատանքային բնույթի, սակայն ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստան նա ժամանեց պետական այցով: Սա հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունն ընդգծելու միտում ուներ, որն անթաքույց դրսեւորվեց նաեւ այցի օրակարգի միջոցով:

 

Երեւանում Սարկոզին ոչ միայն Ֆրանսիայի հրապարակում բացեց Ռոդենի ստեղծագործությունը` որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, արտասանեց «Ցեղասպանություն» եզրույթը, այլեւ այդ ոճիրը Թուրքիայի կողմից ճանաչելու անհրաժեշտության մասին արեց աննախադեպ կոշտ հայտարարություններ: Դրանք, իհարկե, առաջին հերթին ներքին սպառման, Ֆրանսիայի հայ ընտրողների համակրանքը շահելու նպատակներ են հետապնդում: Սակայն դրանք արվեցին պետական այցի շրջանակներում, ինչը ընդգծում է, որ սա նաեւ պետական քաղաքականության մաս է կազմում:

 

Հարավկովկասյան «տուրնեի» շրջանակներում այս այցի նախատեսումը բացահայտում է, որ երկկողմ հարաբերությունների ջերմությունն ընդգծելու նպատակից զատ, Սարկոզին եկել է հատկապես տարածաշրջանային խնդիրներ քննարկելու: Դրանցից գլխավորը Փարիզի, ինչպես նաեւ Եվրամիության էներգետիկ ու կոմունիկացիոն հետաքրքրություններն են, որոնք ուղղակի կախված են ԼՂ կարգավորման խնդրից: Բայց Ֆրանսիան նաեւ 2008թ. հնգօրյա պատերազմից հետո ռուս-վրացական դիմակայության կարգավորման հիմնական միջնորդն է, որն առայժմ լուրջ պտուղներ չի տվել:

 

Այս գործոնները ցույց են տալիս, որ նրա այցը պայմանավորված է հիմնականում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման եւ դրանցում ԵՄ դերակատարության հեռանկարների հետ: Դեռ հունիսին, երբ Կազանի հանդիպումից հետո ակնհայտ էր, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները հայտնվում են փակուղում, Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարեց, թե Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ կողմերին կներկայացվեն լրացուցիչ առաջարկներ: Թե կոնկրետ ինչ «լրացուցիչ» առաջարկների մասին էր խոսքը, դժվար է ասել: Հարկ է նկատել, սակայն, որ դրանից հետո, ռուսական պաշտոնական շրջանակներից տեղեկատվական արտահոսք եղավ այն մասին, որ գլխավոր միջնորդի գործառույթները Մոսկվայից կարող են փոխանցվել Փարիզին: Գուցե սա զգուշացնող ուղերձ էր միջազգային հանրությանը, բայց փաստն այն է, որ Եվրամիությունը վերջին մեկուկես տարված կտրվածքով այլընտրանքային լուծումներով հետեւողականորեն ավելի խորն է ներգրավվում ԼՂ եւ ընդհանրապես հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման գործընթացում:

 

2009-ին մեկնարկած «Արեւելյան գործընկերության ծրագիրը» ներառում է հարավկովկասյան բոլոր երեք երկրները, որոնք ունեն չկարգավորված տարածքային վեճեր: 2010-ի մայիսին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց ԼՂ կարգավորման վերաբերյալ: 2011թ. ապրիլին ընդունվեց մեկ այլ բանաձեւ, որով «Արեւելյան գործընկերության» շրջանակներում չճանաչված երկրների հետ հասարակական-քաղաքական հարաբերությունների սերտացման, այդ հարցերով հատուկ ներկայացուցիչներ առանձնացնելու խնդիրներ դրեց: Ապա դրան հաջորդեցին հատուկ ԼՂ հարցով Եվրախորհրդարանի լսումները, որտեղ շեշտվեց, թե ԵՄ կողմից խնդրին հիմնական աջակցությունը կարող է լինել ԼՂ-ի ընդգրկումը տարածաշրջանի՝ Արեւելյան հարեւանության հայեցակարգում: Չնայած Եվրամիության այս ջանքերին, Հայաստանը, կարծես դեմ է նման միտումներին` թերեւս մտավախություն ունենալով, որ բանակցային գործընթացի ներկայիս ձեւաչափը կարող է փոխվել:

 

Նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը ԵՄ Արեւելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովում ունեցած ելույթում հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը եւ համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ եւ բոլորի կողմից ընդունված ձեւաչափ՝ ԵԱՀԿ եւ նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմիցս հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման եւ վստահության միջոցների ամրապնդման դիրքերից»: Եթե նկատի ունենանք, որ այդ գագաթաժողովի ընդունած համատեղ հռչակագրում հստակորեն նշված է միայն «հակամարտությունների լուծմանը եւ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերում գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակներում կամ դրանց աջակցելու գործում ԵՄ դերակատարման բարձրացումը», ապա կարելի է համարել, որ Երեւանին հաջողվել է ինչ-որ չափով զսպել եվրոպական ախորժակը:

 

Այս վիճակում ԵՄ-ին, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության վրա քաղաքականապես ազդելու ընդամենը մեկ լծակ է մնում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ակտիվացնել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը: Դա պայմանավորված է լինելու նրանով, թե ինչպիսի նոր գաղափարներ ու մոտեցումներ կարող է իր հետ Երեւան եւ Բաքու բերած լինել Սարկոզին: Գուցե հենց ա՞յս հարցերն էին պատճառը, որ չնայած արդեն պլանավորված էր Սարկոզիի այս այցը, Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ սեպտեմբերի վերջին որոշեց այցելել Ֆրանսիա եւ հանդիպել Ֆրանսիայի նախագահին:

 

Գեւորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ