|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները: Նախարարին ներկայացվել են կատարված միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ մասնագետները քննարկվում են ձախ աչքի վիրահատության հնարավորությունը:
«Վիրավորը հրազենային վնասվածք է ստացել, հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,- նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` հավաստիացնելով, որ մասնագետները ջանք չեն խնայի վիրավորի տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար:
Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ մասնագետների հետ քննարկել է ծանր վիրավորների հետագա վերականգնողական բուժման ընթացքը, ինչպես նաև անհրաժեշտ դեղերով և բժշկական նշանակության պարագաներով ապահովվածության հարցերը:
Նախարարը զրուցել է վիրավորների և նրանց հարազատների հետ` հավաստիացնելով, որ ապաքինման գործընթացն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է: