կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-12 12:08
Իրավական

Նոր մանրամասներ տնտեսագիտականի ուսանողի սպանության գործի մասին

Նոր մանրամասներ տնտեսագիտականի ուսանողի սպանության գործի մասին

Նախորդ տարվա ապրիլի 9-ին Տերյան փողոցում տեղի ունեցած դանակահարությունը, որի արդյունքում մահացավ Երևանի տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանը, ցնցել էր շատերին, հատկապես` նրա կուրսընկերներին: Տիգրանին ճանաչողները նրան բնութագրում էին որպես խելոք և համեստ երիտասարդ, որին դժվար թե տեսնեիր «ռազբորկաների» մեջ, նա մերօրյա շատ երիտասարդների նման տաքարյուն և բռնկվող չէր, ապրում էր հանգիստ, խաղաղ ուսանողական կյանքով, բայց…

 

Շատերի համար մինչ օրս անհայտ է մնում, թե ինչպե՞ս կամ ի՞նչ հանգամանքներում է Տիգրանը հայտնվել Տերյան փողոցում և մասնակցել կռվին:

 

Մեղադրանքի համաձայն` տղաների մեջ վեճն առաջացել է նույն օրն առավոտյան Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցում տեղի ունեցած չնչին միջադեպից, որին հաջորդել են Խորենացի փողոցում, ճարտարագիտական համալսարանի դիմաց, Կորյունի փողոցում, Մատենադարանի մոտակայքում և բուն` Տերյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունները: Այս գործում կան վերը նշված վայրերում տեղի ունեցած «ռազբորկաների» մասնակից տասնյակ պատանիների և երիտասարդների անուններ, որոնց մեծ մասը գործում ներգրավված է որպես վկա:

 

Այս գործի դատաքննությունը, որը սկսվեց երեկ, անկասկած դեռ նոր և մինչ օրս անհայտ մնացած շատ հանգամանքներ կբացահայտի: Միայն երեկվա նիստում մեղադրյալի աթոռին նստած անչափահաս Հայկ Աղամալյանն իր մի քանի հարցերով և հայտարարություններով հասկացրեց, որ դատախազի ներկայացրած մեղադրանքը, ըստ որի` երիտասարդների միջև առաջացած վեճը, որի արդյունքում սպանվել է Տիգրանը, առաջացել է Աղբալյանի անվան դպրոցում տեղի ունեցած չնչին միջադեպից, այնքան էլ մոտ չէ իրականությանը:

 

Հայկը, դատարանին հայտնելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում, հրավիրված վկայից` Տիգրանի ընկեր Մարտին Գևորգյանից, հետաքրքրվեց. «Դու ասում ես, որ այնտեղ ահագին մարդ կար, այդ խառնաշփոթի մեջ ո՞նց տեսար, որ կոնկրետ հենց ես հարվածեցի»: Բացի այդ` ամբաստանյալը հերքեց նաև այն, որ ինքն ու Մարտինը լավ հարաբերությունների մեջ են եղել: «Մեր հարաբերությունները միշտ լարված են եղել»,- նշեց ամբաստանյալը:

 

Երեկ վկայություն տվեց նաև այն պատանին, որի պատճառով, ըստ դատախազի, առաջացել է վեճը: Էմանուել Թամամյանը, որին շրջապատում կարճ Էմո են ասում, գործի նյութերում ներկայացված է Էմիլ:

 

Նրա հարազատները yerkir.am-ին պատմեցին, որ դեպքն այնքան ծանր է անդրադարձել տղայի վրա, որ մինչև հիմա «ուշքի չի գալիս»: Նրանց խոսքով` մահացած Տիգրանը Էմանուելի ընկերոջ` գործով որպես վկա անցնող Ռոբի ընկերն է եղել, որին, սակայն, ինքը չի ճանաչել:

 

Մեր տեղեկություններով` ամբաստանյալ Հայկը, ով Էմանուելի համադասարանցին է, դպրոցում տեղի ունեցած միջադեպի օրը դասի չի եկել և այդ միջադեպի հետ ընդհանրապես առնչություն չի ունեցել:  Շատերի կարծիքով` Տերյան փողոցի դեպքն առանձին հաշիվ է: Այս մասին վկայեցին նաև ամբաստանյալի երեկվա հարցերն ու ակնարկները, սակայն ամեն բան պարզ կդառնա դատաքննության` հատկապես Հայկի ցուցմունքից հետո:

 

Ամենևին չփորձելով նախքան գործի ավարտն ինչ-որ գնահատականներ տալ` ներկայացնենք մի հանգամանք, որն, անշուշտ, չէր կարող վրիպել մեր ուշադրությունիեց: Երեկվա նիստում մեղադրանքը պաշտպանող դատախազը, նկարագրելով մեղադրյալ Հայկի և նրա ընկերների հետ հանդիպումը, նշեց. «Հայկ Աղամալյանը, սեփական անձն ընդգծելու մոլուցքից դրդված, գրպանից հանել և հավաքվածներին ցուցադրել իր մոտ եղած դանակը»:

 

Ստացվում է, որ դատախազը, մեղադրանքը հնարավորինս համոզիչ և պատկերավոր ներկայացնելու մոլուցքից դրդված, կարող է գնահատական տալ անձի, առավել ևս անչափահասի զգացումների՞ն կամ էլ, այլ կերպ ասած,  «ներթափանցել նրա ներաշխա՞րհը»: Հետևությունները թողնում ենք ձեզ:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ