|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԴՆԹ փորձաքննությամբ պարզվել է ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի ենթադրյալ մեղավորի ինքնությունը: Նա ՀՀ քաղաքացի` 1961 թ. ծնված Ռուբեն Բալյանն է, որի բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Քննությամբ պարզվել է նաև, թե երբ է տվյալ քաղաքացին նստել ավտոբուս, նաև ստացվել են գործի համար այլ` էական նշանակություն ունեցող տվյալներ:
Հիշեցնենք, որ դիակն անճանաչելի էր, և վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն:
Ռուբեն Բալյանի բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորների և 2 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։