կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 12:29
Հասարակություն

Ինչո՞ւ է ուշանում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը. հարց՝ ԱԺ-ում

Ինչո՞ւ է ուշանում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը. հարց՝ ԱԺ-ում

Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստը վարող` ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը խոսեց Հալաբյան փողոցում երեկ տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի մասին: Նա ցավակցություն հայտնեց «դժբախտ միջադեպի» զոհերի ընտանիքներին: Շարմազանովը հայտնեց, որ զրուցել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, ով նշել է, որ ավտոբուսի պայթյունի պատճառով տուժած երկու տղամարդկանց վիճակը կայունանում է, մնացած վիրավորների մոտ կա դրական դինամիկա:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ կապի մեջ է նաև ուժային կառույցների հետ, տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ ԱԺ նախագահի տեղակալը օգտագործում է «դժբախտ պատահար» արտահայտությունը, մինչդեռ`դեպքից անցել է 12 ժամ, սակայն մինչև հիմա իրավապահ մարմինները որևէ պաշտոնական վարկածի մասին չեն խոսում:

«Ես մտահոգված եմ, որ մինչ այժմ իրավապահ մարմինները ոչ մի պաշտոնական վարկած առաջ չեն քաշել: Այսօր պաշտոնական տեղեկատվության վստահելիության խնդիր կա: Մարդիկ ավելի շատ բան իմանում են սոցցանցերի գրառումներից, և չորս ժամ հետո նոր պետական մարմինները պաշտոնապես, դրա հետևից հաստատելով, գալիս են: Բայց 12 ժամը լրիվ բավարար էր, որ նախնական տեղեկություններ տան ուժային կառույցները, պաշտոնական տեղեկատվությունը, ի վերջո, պետք է դառնա վստահելի, որ բամբասանքները տիրապետող չդառնան»,- ասաց պատգամավորը:

Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ պետք է սպասել` մինչև կլինի պաշտոնական հայտարարություն` պայթյունի հետ կապված: «Սա շատ նուրբ հարց է: Երբ կլինի ամբողջական ինֆորմացիա, կտեղեկացնենք»,- ասաց նա: