| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապրիլի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ պետնախարար Կունի առաջին այցը Հայաստան հնարավորություն կտա երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի: 
Ներկայացնելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ որպես փոքր երկրի` Հայաստանին հետաքրքրում է տնտեսության զարգացման սինգապուրյան մոդելը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ավիացիոն և մի շարք այլ ոլորտների: Ինովացիոն ոլորտում ներկայացվել է Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարությանը կից գործող «Ստանդարտների, արտադրողականության և ինովացիայի հանձնաժողով» գործակալության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի միջև համագործակցությանը հնարավորությունը: Ներդրումային ոլորտում առաջարկվել է անհրաժեշտության դեպքում վերանայել երկու երկրների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը: Երկու առաջարկներն էլ Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարարը ողջունելի է համարել, նշելով, որ կա ներուժ առևտրային և ներդրումային հարաբերությունների աճի համար: Մտքեր են փոխանակվել մաքսային ընթացակարգերի, ԵԱՏՄ, եվրոպական և իրանական շուկաներ Հայաստանի միջոցով սինգապուրյան ապրանքների, ինչպես նաև Սինգապուրի միջոցով հայկական ապրանքատեսակների` ասիական շուկաներ արտահանման հնարավորությունների մասին: Կարևորվել են գործարարների փոխայցելությունները:
Հանդիպման ավարտին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունը ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հրավիրել է այցելել Սինգապուր, ինչը նաև կտա քննարկված հարցերի շուրջ կոնկրետ համաձայնագրերի ստորագրման  հնարավորություն: