Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում լույս է տեսել գրող, լրագրող և հետազոտող Մուսլում Ուզուլմեզի «Էրգանիի պատմության գաղտնի էջը. ՀԱՅԵՐ» գիրքը:
Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գիրքը հրատարակվել է «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամի հրատարակչության կողմից: Այն պատմում է Թուրքիայի Դիարբեքիր նահանգի նախկին հայաբնակ Էրգանի գավառի հայերի մասին. բնակավայրը մինչև 1915թ., Հայոց ցեղասպանության ընթացքում և կոտորածներից հետո՝ ավերակի վերածված վիճակում:
Գիրքը կազմելիս հեղինակն օգտվել է ինչպես այլ գրավոր աղբյուրներից, այնպես էլ ցեղասպանությունը վերապրածների հուշերից, անհատական հանդիպումներ է ունեցել Էրգանի գավառի հիմնադրամի ներկայացուցիչների հետ, գրառումներ արել նրանց պատմած հիշողությունների վերաբերյալ:
«1915թ. «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցության ղեկավարությունը, ոտնատակ անելով ամեն տեսակ օրենք և օրենսդրություն, հայերի սպանություններին լայն ազատություն տվեց: Ցանկացողը կարող էր սպանել ցանկացած հայի կամ ցանկացած թվով հայի, թալանել նրանց ունեցած-չունեցածը: Գավառի ղեկավար բյուրոկրատներն ու զինվորները գավառի դավաճանների հետ կազմակերպեցին կոտորածը: Էրգանիի հնագույն ազգերից մեկը հանդիսացող հայերը ամենադաժան ձևով ցեղասպանության ենթարկվեցին: Իսկ տեղահանման օրենքով լիովին արմատախիլ արվեցին», - գրում է հեղինակը:
Ուզուլմեզը նշում է, որ կոտորածներից հետո գիտակցաբար, նպատակային կերպով ժողովրդին ներշնչվել էր այն համոզմունքը, թե հայերը շատ հարուստ են եղել: Դրա շնորհիվ հայերից մնացած ողջ նյութական, մշակութային ժառանգությունը (եկեղեցիներ, վանական համալիրներ, գերեզմանատներ, պատմական կառույցներ և այլն), դարձավ գանձախույզների, թալանչիների թիրախ: Կառավարությունն էլ իր հերթին աչք փակեց այդ ամենի վրա՝ նպաստելով հայկական ժառանգության անխնա ավերմանն ու ոչնչացմանը:
«Ցեղասպանության 101-րդ տարելիցին «Էրգանիի պատմության գաղտնի էջը. ՀԱՅԵՐ» գրքի հրատարակումը պետք է դիտել որպես անցյալի հետ առերսմանն ուղղված խորհրդանշական քայլ:
Արդեն պիտի առերեսվենք 100-ամյա ցավի հետ ու քննության ենթարկենք մեր խիղճը, - գրում է «Cumhuriyet»-ը՝ մեջբերում անելով գրքի 184-րդ էջից.
«Առաջին քայլը, որ պետք է անել, արդարացի մոտեցում որդեգրելն է և առանց վախենալու ցավի ու ամոթի մասին բարձրաձայնելը: Իսկ այդ պարտականությունն ու պատասխանատվությունը բոլոր քաղաքացիների անունից նախ և առաջ ընկնած է Թուրքիայի խորհրդարանի ուսերին»: