|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Թուրքիայում «Իլեթիշիմ» հրատարակչությունը Քազըմ Գյունդողանի հեղինակությամբ լույս է ընծայել «Քահանայի թոռները. դերսիմահայեր-1» գիրքը: Այդ մասին տեղեկացնում է Akunq-ը:
Աղբյուրի համաձայն` սույն գիրքը կազմված է 1937-38 թթ. Դերսիմի կոտորածներից ողջ մնացած վանքցի և զըմեքցի քրիստոնյա հայերի պատմություններից: Այդ տարիներին ռմբակոծվում և ավիրվում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո Դերսիմում կանգուն մնացած Հալվորիի Սուրբ Կարապետ վանքը: Գյուղի ալևիներն ու քահանայի տոհմը ոչնչացվում են, իսկ պատահականությամբ կոտորածից փրկված սակավաթիվ ընտանիքների անդամներն աքսորվում են Թուրքիայի տարբեր բնակավայրեր:
Այս աշխատության մեջ ներկայացված են հենց այդ անհատների պատմությունները: Այդ կորուսյալ հայ քրիստոնյաները ներկայումս բնակվում են Սպարտայում, Իզմիրում, Դերսիմում, Բոլուում, Ստամբուլում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Գրքի հեղինակը հանդիպել է նրանց հետ և գրի առել նրանց` Ցեղասպանությունից առաջ անցկացրած կյանքի մասին պատմությունները, Ցեղասպանության մասին հուշերը և աքսորի, բռնի վերաբնակեցման, թուրքացման, իսլամացման և ալևիացման ընթացքի մասին նրանց հիշողությունները:
Ինչպես գրքում նշում է հեղինակը, Դերսիմը խնդիր էր Օսմանյան պետության համար: Թուրքիայի Հանրապետությունը ևս շարունակեց և շարունակում է Դերսիմի շրջանը խնդիր համարել: Պետության կողմից 1926-1947 թթ. ընթացքում բոլոր ժողովուրդների նկատմամբ տարված թուրքացման և սուննի իսլամացման քաղաքականությունը չափազանց դաժանորեն և ծրագրված կերպով իրականացվեց նաև Դերսիմում: