Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը շարունակում է իրավական պայքարն իրեն պատկանող և նախկինում պետության կողմից բռնագրավված 48.259 քմ մակերեսով տարածքի վերադարձման համար. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ «Ակօս»-ի՝ Զեյթինբուրնուի թաղապետարանը գործնականում հրաժարվում է հայկական կողմին վերադարձնել տարածքը, թեև այն Սուրբ Փրկիչ հիմնադրամին է հատկացվել դեռևս 2014թ. հոկտեմբերի 22-ին՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության որոշմամբ:
Նշյալ որոշումից հետո թաղապետարանը դատական գործ է հարուցել Հիմնադրամների գլխավոր վարչության դեմ, սակայն Ստամբուլի վարչական դատարանը 2014թ. դեկտեմբերի 29-ին հաստատել է անշարժ գույքի՝ հայկական հիվանդանոցի հիմնադրամին վերադարձնելու որոշման օրինականությունը:
Զեյթինբուրնուի թաղապետարանը բողոքարկել է այս վճիռը վերաքննիչ դատարանում, ինչից հետո շատ կարճ ժամանակում տեղական դատարանի որոշումը չեղարկվել է: Սուրբ Փրկիչ հիմնադրամը և Հիմնադրամների գլխավոր վարչությունը, ընդդիմանալով վերաքննիչ դատարանի այս վճռին, դիմել են վերին ատյան՝ պահանջելով շտկել կայացված վճիռը:
Նշենք, որ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող նշյալ հողատարածքը պետականացվել էր 1974թ.՝ փաստաթղթերի համաձայն սեփականատեր չունենալու պատրվակով: Այն հանրապետական Թուրքիայի պատմության մեջ պետության կողմից առգրավված ամենախոշոր հայկական անշարժ գույքն է: Այդ տարածքում ներկայումս գտնվում են Զեյթինբուրնուի մարզադաշտը, քաղաքապետարանին պատկանող փակ մարզասրահ ու ավտոկայան: