Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների: Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար մասնագետների խումբը հինգօրյա այցով Հայաստան է ժամանել Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով:
ԱՄՆ-ից ժամանակ բժիշկների առաքելությունը կենտրոնանալու է մասնավորապես Նոյեմբերյանում: Տեղի բժշկական կենտրոնին ԱՄՆ պատվիրակները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրաբերելու են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:
«Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը նշել է, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսել է աջակցել Հայաստանի առողջապահական համակարգին: Սա մասնագետի արդեն 6-րդ այցն է Հայաստան: Այս տարվա մայիսին փոքր խմբով մեր երկիր այցելության ընթացքում նա մանրամասն ծանոթացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հագեցվածությանը և կարիքներին:
«Այցը հնարավորություն կտա առողջապահական համակարգի մասին առավել լայն պատկերացում կազմել: Մեզ համար ուրախալի է, որ, չնայած դժվարություններին և մարտահրավերներին, առկա են նաև առաջընթաց և հաջողություններ»,- նշել է կենտրոնի նախագահը` հավելելով, որ իրենք պատրաստակամ են աջակցել Հայաստանին առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու հարցում:
Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Նախատեսվում է, որ նրանք կկատարեն, ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և շուրջ 50 վիրահատություն: