Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում «Իմ քայլ»-ը դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպելու է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողների հետ:
Նոյեմբերյանցիները հանրահավաքի ժամանակ պարզել էին «Վերադարձրեք մեր Կարենին» գրությամբ պաստառներ:
Փաշինյանը նշեց, որ Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: «Ինչո՞ւ պարզ խնդիր չէ. դուք գիտեք, որ Ադրբեջանն, ըստ էության, կիսապաշտոնական առաջարկ է արել, թե հայկական կողմում կա երեք ադրբեջանցի, և ադրբեջանական կողմում կա երեք հայ, և առաջարկել է` բոլորին բոլորի հետ փոխանակենք: Թվում է, թե շատ պարզ իրավիճակ է: Ի՞նչ է եղել որ: Բայց իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետև Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են` մեկը` 20 տարի ազատազրկման, մյուսը` ցմահ, որովհետև նրանք Արցախի Հանրապետության երկու քաղաքացի են սպանել, ընդ որում` 15 տարեկան տղայի իր տան մեջ: Այստեղ հարցը հետևյալն է` իսկ այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին մենք վերադարձնենք Ադրբեջանին, Արցախի Հանրապետությունը կհամաձայնի՞: Դուք տեսաք, որ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջանին, նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին: Եվ պարզ է` երկու ոճրագործներից, եթե նույնիսկ Արցախի Հանրապետությունը համաձայնի վերադարձնել, ռամիլսաֆարովներ են կերտելու: Մենք ուզո՞ւմ ենք այդպիսի բան: Մենք ուզո՞ւմ ենք այնպիսի ուղերձ հղել` հանգիստ մտեք, հայերին սպանեք, և դրա համար ձեզ ոչ մի բան չի լինի, երկու տարի կնստեք, ձեզ կվերադարձնեն, կդառնաք ազգային հերոս: Սրա քաղաքական և գործնական հետևանքները մենք պատրա՞ստ ենք կրել»,- ասաց Փաշինյանը:
Նա վստահեցրեց, որ իրենք շարունակում են Կարեն Ղազարյանի թեմայով խոսել Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն նրանք հրաժարվում են վերադարձնել Ղազարյանին։ «Ասում են՝ բոլորին բոլորի հետ: Դուք ձեր ձեռքում պահել եք պաստառներ` «Վերադարձրեք մեր Կարենին»: Կարենը նաև մերն է, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Կարենն այս հարթակում կանգնածներինը չէ», - ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրեց՝ դիվանագիտական բոլոր ջանքերը կշարունակեն գործադրել, որ հարցը կարողանան լուծել։ «Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել: Մենք այս հարցն ավելի ու ավելի կբարձրացնենք միջազգային բոլոր ատյաններում, նաև` երկկողմ շփումներում»,- եզրափակեց Փաշինյանը։