կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-09 16:40
Իրավական

Փաստաբանը հրաժարվում է վերադարձնել պաշտպանյալի` ՀԱԿ ակտիվիստի 3 միլիոն դրամը

Փաստաբանը հրաժարվում է վերադարձնել պաշտպանյալի` ՀԱԿ ակտիվիստի 3 միլիոն դրամը

ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը դիմել է Փաստաբանների պալատ` խնդրելով կարգապահական վարույթ հարուցել փաստաբան Վարդուհի Էլբակյանի դեմ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Ա. Կարապետյանը նշեց, որ փաստաբանը հրաժարվում է վերադարձնել իրեն պատկանող 3 միլիոն դրամը, որը դատարանի հաշվին է փոխանցվել մոտ 2.5 տարի առաջ` որպես գրավ, երբ դատարանի որոշմամբ իր հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով:

 

Արտակ Կարապետյանը քրեական հետապնդման է ենթարկվել Տիգրան Առաքելյանի և ՀԱԿ մյուս ակտիվիստների հետ 2011 թվականի օգոստոսին ոստիկանների հետ բախում ունենալուց հետո:

 

Նա պատմեց, որ իր գործով դատական ակտն ուժի մեջ է մտել նախորդ տարվա դեկտեմբերին, այնուհետև այս տարվա փետրվարին խնդրել է Վ. Էլբակյանին, որ դիմում գրի` դատարանից հետ ստանան գումարը:

 

«Ասաց` լավ, դիմումը կգրեմ: Հետո մարտ-ապրիլին անընդհատ ձգձգում էր: Ես ուրիշ փաստաբաններից ճշտեցի, որ դիմումից հետո 4-օրյա ժամկետում գրավը հետ են ստանում: Ես գրեցի, թե` Վարդուհի' ջան, ի՞նչն է պատճառը, որ ձգձգում են, կարո՞ղ է արհեստականորեն խոչընդոտում են, որ չտան: Ասաց` չէ, կստանամ, ժամանակ չունեմ գնալու»,- պատմեց Արտակը:

 

Ապրիլին Արտակն իր կապերով իմանում է, որ փաստաբանը գրավը հետ է ստացնել, սակայն Վ. Էլբակյանը հերքել է, թե նման բան կա, իսկ որոշ ժամանակ հետո խնդրել է Արտակին իր գրասենյակ գնալ. «Ասաց, քանի որ ՀԱԿ-ը ինձ փող է պարտք` մի քանի հարյուր հազար,  ես էդ  փողը պահեմ, մնացածը հետ տամ:  Ես էլ ասացի, որ` ես ՀԱԿ-ի հետ ի՞նչ կապ ունեմ, դու գիտես, որ դա իմ գումարն է: Ասաց` հա, հավատում եմ, որ դա  քո գումարն է, բայց ես այլ տարբերակ չունեմ»:

 

Արտակը հրաժարվում է 2 միլիոն և մի քանի հարյուր հազար դրամ գումարը վերցնել: Փորձում է ընդհանուր ծանոթ-ընկերների միջոցով հարցը լուծել, սակայն չի ստացվում: Դրանից հետո միայն դիմում է Փաստաբանների պալատ:

 

Ավելի վաղ` շուրջ 2 տարի առաջ էլ փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ ՀԱԿ-ը գումար է պարտք իրեն` մոտ 600 հազար դրամ, և որ այդ գումարը պետք է վճարվեր Տիգրան Առաքելյանին մատուցված ծառայությունների դիմաց: Փաստաբանը նշել էր նաև, որ պայմանագիրը կնքվել էր Տ. Առաքելյանի եղբոր հետ, սակայն գումարը պետք է վճարեր ՀԱԿ-ը:

 

Մեզ հետ զրույցում, սակայն, Տիգրան Առաքելյանն ասաց, որ իր և եղբոր անունից ասում է` ֆինանսական պարտավորություններ չունի:

 

Yerkir.am-ը զրուցեց նաև փաստաբան Վարդուհի Էլբակյանի հետ: «Ես եմ իր գումարը վճարել, բնականաբար, ինքը չի գրավը դրել: Եվ այս պահին իր գործողությունները չեմ մեկնաբանում, միայն կասեմ, որ ստելն իմ կատեգորիան չէ»,- ասաց նա եւ հավելեց, որ բազմաթիվ ապացույցներ ունի, որ գրավը հենց իր գումարից է վճարել:

 

Փաստաբանը չմեկնաբանեց նաև Տիգրան Առաքելյանին վերաբերող հարցը. «Ցավում եմ Տիգրանի ասածների համար: Այ դա ինձ համար նորություն էր արդեն: Գոնե Տիգրանը հայտարարություններ անելուց առաջ պետք է մտածի»: Նա նշեց նաև, որ ՀԱԿ-ի գործելաոճն է այդպիսին` ինքը պարտավորություններ չունի ոչ ոքի հանդեպ, սակայն բոլորը պարտավորություններ ունեն իր հանդեպ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀԱԿ հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց, որ Վարդուհի Էլբակյանը սուտ է խոսում, և որ ինքը պատրաստ է այս ամենը կրկնել նաև իրավապահ մարմիններում ու դատարանում` որպես ցուցմունք: Նրա համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պիտի Վ. Էլբակյանն իր գրպանից գումար հաներ և գրավ դներ ՀԱԿ ակտիվիստի համար, եթե հենց այդ նույն ժամակահատվածում ասում էր, թե ՀԱԿ-ն իրեն գումար է պարտք:

 

Արմեն Խաչատրյանը պատմեց, որ Արտակի հանդեպ կալանքը գրավի փոխելու մասին միջնորդությունը գրել է հենց ինքը, հենց ինքն էլ որոշել է գրավի գումարի չափը` 3 միլիոն դրամը: Այնուհետև երբ իմացել են, որ բավարարվել է միջնորդությունը, շատ արագ կարողացել են համապատասխան գումարը հավաքել: «Երբ վերաքննիչ դատարանը գրավ կիրառելու որոշումն ընդունեց, Վարդուհին sms-ով տեղեկացրեց ինձ: Եվ մինչև իրենց` դատարանից դուրս գալը, ես Կոնգրեսի ղեկավարներին հայտնել եմ, և մենք էդ գումարի հարցը լուծել ենք»,- ասաց Խաչատրյանը:

 

Նա մանրամասնորեն պատմեց, թե ինչպես են երկու հոգի մեքենայով բերել գումարը, և ինքն ու Վ. Էլբակյանը գնացել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ բանկային օրն ավելի երկար է տևում, սակայն գումարը մուծել չեն կարողացել` հաշվեհամարի հետ կապված սխալի պատճառով: Գրավը վճարել են հաջորդ օրը, այնուհետև միասին գնացել են քննիչի մոտ, ներկայացրել համապատասխան թղթերը, ստացել կալանքից ազատ արձակելու որոշումը և գնացել «Նուբարաշեն» ՔԿՀ` Արտակի հետևից:

 

«Վճարել ենք «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղերից մեկում: Ես չեմ վճարել, քանի որ անձնագիրս ժամկետանց է եղել: Միայն դա է եղել պատճառը, որ նա է վճարել, բայց բանկում միմյանց կողքի ենք եղել»,- ասաց Ա. Խաչատրյանը:

 

Նրա խոսքով` մոտ 1.5 տարի առաջ գրավի գումարը տվողները խնդրել են Արտակին` հետ վերադարձնել այն, Արտակն էլ իր հարազատ-բարեկամներից է այդ գումարը հավաքել ու վերադարձրել:

 

Իսկ ինչ վերաբերում է հենց ՀԱԿ-ի` փաստաբանին պարտք լինելուն, Ա. Խաչատրյանը դա նույնպես ժխտեց. «Լավ, ենթադրենք, թե պարտք ենք, բայց որ ինքը փաստաբան է ու չգիտի, որ գումարները պահանջելու համար կա դատարան, ապա թող հանձնի այդ լիցենզիան կամ էլ գնա նորից սովորի իրավաբանական ֆակուլտետում»: Նա հավելեց, որ եթե պայմանագիրը կնքվել է ՀԱԿ-ի որևէ անդամի հետ, ապա նրանից էլ պետք է գումարը պահանջի, ՀԱԿ-ը չի կարող պատասխանատու լինել իր բոլոր անդամների համար:

 

Ա. Խաչատրյանը նշեց նաև, որ չի կարող ուրանալ Վ. Էլբակյանի արածը. նա մարտի 1-ի դեպքերից հետո 5-6 պաշտպանյալ է ունեցել, և վճարված գումարը «հազիվ մեքենայի բենզինի փողը հաներ»:

 

Ա.Կ.