Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի, Իրանի արտգործնախարարների հետ Բաքվում հանդիպումից առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախորդ օրերին ծավալված ռազմական գործողություններին և ԼՂ հիմնահարցի կարգավորմանը` բառացիորեն ասելով հետևյալը․ «Նախագահ Պուտինը, իսկ մինչ այդ՝ նախագահ Մեդվեդևն ակտիվորեն առաջ են մղել տարբեր գաղափարներ, որոնք հնարավորություն կտան հանգուցալուծելու իրավիճակը Ղարաբաղի շուրջ տարածքների ազատման միջոցով՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի զուգահեռ որոշմամբ։ Չեմ մտնի մանրամասնությունների մեջ, բայց բանակցությունների սեղանին մի քանի տարբերակներ կան: Մենք երեկ նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել ենք դրանց»։
Ավելի վաղ Ալիևի և Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Լավրովը, նշելով, թե ներկայումս կան կարգավորման գրեթե բոլոր բաղադրիչներն ու պայմանավորվածությունները ՝ հավելել է․ «Հարցն անգամ այն չէ` ինչ հերթականությամբ դրանք դասավորել, այլ` ինչ ձևակերպումներ գտնել»:
Իհարկե, դժվար է հավատալ ադրբեջանական լրատվամիջոցներին, սակայն, դրանց հաղորդմամբ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով մյուս համանախագահների հետ երեկ Բաքվում հանդիպումներ էր ունենում Ադրբեջանի ղեկավարության հետ, խոսելով հակամարտության կարգավորման գործընթացի մասին, իր հերթին ասել է. «Համանախագահները շատ կառուցողական զրույց են ունեցել Իլհամ Ալիևի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: Հարցի լուծումը հայկական զորքերի դուրս բերումն է գրավյալ տարածքներից և դրանց վերադարձը Բաքվին, միևնույն ժամանակ՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման նախապատրաստությունը»։
Լավրովի և Ուորլիքի գրեթե միաժամանակյա հայտարարությունների նմանությունը թե' իմաստային և թե', այսպես կոչված, կարգավորման «ճանապարհային քարտեզի» առումով, ակնառու է։ Այնպիսի տպավորություն է, թե նրանք նախապես համաձայնեցրել են հիմնական ուղերձները, որոնց էությունը հետևյալն է` հայկական կողմը հանձնում է նախկին ԼՂԻՄ-ի շուրջը գտնվող, ներկայիս ԼՂՀ-ի մաս կազմող` նախկին ադրբեջանական 7 շրջանները, որին զուգահեռ բանակցություններ են ընթանալու ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցի շուրջ։ Ուշադրություն դարձնենք, որ խոսքը գնում է ոչ թե ԼՂ-ի ինքնիշխանության ճանաչման, այլ միայն նրա ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների շարունակման մասին, որը, կրկնում ենք, պետք է տեղի ունենա, ըստ էության, մինչև հիմա բանակցություններում հայկական կողմից որպես փոխզիջման առարկա դիտարկված շրջանների հանձնման գործընթացի պարագայում։
Ո'չ Ուորլիքը և ո'չ էլ Լավրովը չեն խոսում ո'չ Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի և ո'չ էլ ԼՂ-ի անվտանգության ապահովման մեխանիզմների մասին։ Շատ հնարավոր է՝ երկու դիվանագետներն էլ կենտրոնացել են միայն ամենահիմնական` հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումների բախման բուն առարկայի՝ տարածքների և ԼՂ կարգավիճակի վրա։
Սակայն հարկ է ուշադրություն դարձնել Լավրովի այն հայտարարությանը, թե հիմնական համաձայնություններն արդեն կայացված են, և խնդիրը միայն ձևակերպումներ գտնելու մեջ է։ Նախ` հարց է առաջանում, թե ե՞րբ հասցրին կողմերը համաձայնություն տալ կարգավորման բոլոր բաղադրիչներին, եթե շփման գծում անգամ ռազմական գործողություններն ամբողոջությամբ չեն դադարել, իսկ Լավրովը և ՄԽ համանախագահները դեռ նույնիսկ չէին էլ սկսել իրենց բանակցությունները Երևանի ու Ստեփանակերտի հետ։
Երկրորդ՝ եթե խնդիրը մնացել է զուտ ձևակերպումներ գտնելը, ապա չի՞ ուզում, արդյոք, Լավրովն ասել, որ կողմերը կամ նրանցից գոնե մեկը խնդիր ունի այնպիսի ձևակերպումներ գտնել արդեն որոշված և համաձայնեցված լուծումների համար, որոնք թույլ կտան նրան(ց) արդարանալ սեփական ժողովրդի առջև։ Եվ եթե հարցը զուտ ձևակերպումներն են, ապա ինչո՞ւ այսքան ժամանակ հնարավոր չդարձավ դրանք գտնել և խնդրի խաղաղ կարգավորմանն անցնել, փոխարենը տեղի ուենցավ կարճատև արյունալի պատերազմ։
Երրորդ՝ դեռ նախորդ տարեվերջին իր հարցազրույցներում Ջեյմս Ուորլիքը հայտարարում էր` ինչ-որ փուլից Ստեփանակերտը պետք է մտնի բանակցությունների մեջ։ Եթե ամեն ինչ արդեն համաձայնեցված է, և մնում է ընդամենը հարմար ձևակերպումներ գտնել, ապա ո՞վ է այդ դեպքում առաջարկված լուծումներին Ստեփանակերտի անունից համաձայնություն տվել։ Երեկ նախքան ՄԽ համանախագահների հետ հանդիպելը հրավիրած ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, թե որևէ լուծում չի կարող լինել, քանի դեռ Ստեփանակերտը դրանց համաձայնություն չի տվել։ Պետք է ենթադրել, որ իր այս հայտարարությամբ Բակո Սահակյանը հստակ հասկացնում է, որ հայկական կողմը զիջումների չի գնա:
Տարօրինակ է նաև Լավրովի՝ Բաքվի հայտարարություններին պաշտոնական Երևանի ակնթարթային արձագանքը։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով ՌԴ արտգործնախարարի հայտարարություններին, ասել է. «2011թ. կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Դեռևս Կազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է տասը նոր առաջարկ և փաստացի խափանել է կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»։
Այս արձագանքը նշանակում է, որ Երևանը, որպես բանակցությունների հիմք, ընդունում է բացառապես Կազանում 2011թ․ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում ստորագրվելիք, սակայն Բաքվի կողմից վերջին պահին մերժված նախագիծը։ Կարելի է մեկնաբանել, որ Երևանը, նախքան Լավրովի և համանախագահողների հետ բանակցությունները, հստակեցնում է, որ որևէ նոր` այլ լուծումներ, նոր կոնֆիգուրացիաներ չի պատրաստվում քննարկել։
Չի բացառվում, իհարկե, որ թե' Լավրովը և թե' Ուորլիքն իսկապես խոսում են, այսպես կոչված, «կազանյան նախագծի» վերակենդանացման մասին։ Դրա մասին կարող է հուշել կարգավորման գրեթե բոլոր բաղադրիչների շուրջ համաձանությունների առկայության մասին` Լավրովի ակնարկը։ Սակայն այդ դեպքում ի՞նչ «մի քանի տարբերակների» մասին է ТАСС-ին տված հարցազրույցում նա ակնարկում։
Այնպիսի տպավորություն է, թե, փորձելով վերջնականապես չեզոքացնել պատերազմի նոր բռնկման հնարավորությունը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը փորձում են կողմերին կամ նրանցից մեկին կարգավորման պատրաստի բանաձևեր կամ լուծումներ պարտադրել։ Եթե նկատի ունենանք փաստը, որ, ի տարբերություն տարածքներ հանձնելու պահանջի, թե' Լավրովը և թե' Ուորլիքը չափազանց անորոշ, լղոզված ձևակերպումներ են տալիս ԼՂ-ի կարգավիճակի որոշման վերաբերյալ, չի կարելի բացառել, որ այդ լուծումները փորձ է արվում պարտադրել հենց հայկական կողմին։ Մյուս կողմից` չի բացառվում, որ սա ընդամենը նման պարտադրանքի իմիտացիա է՝ իրավիճակը սառեցնելու համար։
Գևորգ Դարբինյան