կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-08 13:33
Հասարակություն

Մենք բաց ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. Սերժ Սարգսյան

Մենք բաց ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. Սերժ Սարգսյան

Մենք միշտ էլ բաց կերպով ասել ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն,- «Deutsche Welle»գերմանական առաջատար պարբերականի հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը և միաժամանակ Հայաստանի ռազմավարական գործընկերը լինելը, նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է և, առհասարակ, որ որևէ երկիր եղել, կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանն էլ երբեք Հայաստանի համար այնպիսի դեր չի կատարել, ինչպես Թուրքիան Ադրբեջանի համար»:

Սերժ Սարգսյանը նաև հավելել է, որ Հայաստանը միշտ էլ դեմ է հանդես եկել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն. «Այո, դա այդպես է: Ռուսաստանը մեր ռազմակավարական գործընկերն է, մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմավարական պայմանագիր: Դրանով հանդերձ մենք միշտ էլ բաց կերպով ասում ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Որովհետև դա մեր կողմից կոմպրոմիս է: Եթե Հայաստանն այսօր ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա կնաշանակեր, որ մենք հրաժարվում ենք այդ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից: Եթե ճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա ինչի՞ շուրջ ենք բանակցելու: Սա, ի դեպ, նաև Ձեր նախորդ հարցի պատասխանն է առ այն, թե ինչ ենք մենք անում հակամարտության լարվածությունը կանխարգալելու համար: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որպեսզի իրավիճակն ավելի չբարդացնենք»:

Նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, ինչպես նաև Գերմանիայից և Եվրոպական միությունից ակնկալիքներին։

«Կարծում եմ Մինսկի խումբը օպտիմալ ձևաչափ է և չի կարելի ասել, թե այս տարիների ընթացքում որևէ արդյունք չի գրանցվել: Այդ ձևաչափի փոփոխությունը ոչինչ չի տալու, առավելևս այն դեպքում, երբ Մինսկի խմբում ընդգրկված են երկրներ և առաջին հերթին համանախագահ երկրները, որոնք ունեն բավականաչափ միջոցներ և հնարավորություններ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա ազդեցության տեսանկյունից»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Վերջինս հավելել է, որ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության գաղափարը պնդում է Ադրբեջանը: Գերմանիայից և ԵԱՀԿ-ից ունեցած ակնկալիքների մասով էլ Սերժ Սարգսյանը նշել է, որ համոզված է՝ ԵԱՀԿ-ն ունի մեծ գործիքակազմ, որը կարող է արդյունավետորեն կիրառել:

ՀՀ նախագահի խոսքով՝ համապատասխան մարմինները Հայաստանի կողմից տեղեկացվել են այն մասին, թե ինչ իրավիճակ է հակամարտության գոտում և ինչ զարգացումներ կարող են լինել:

«Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները լրիվ պատահականորեն բռնկվեցին: Մենք սպասում էինք դրանց: Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Նմանապես էլ կրակի դադարեցումը հանկարծակի տեղի չունեցավ: Ադրբեջանցիները մեծ կորուստներ են կրել: Բացի այդ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը զանգահարել է Հայաստանի Գլխավոր շտաբի պետի ղեկավարին և տեղեկացրել, որ ադրբեջանցիները համաձայն են այդ հարցի շուրջ Մոսկվայում հայկական կողմի հետ հանդիպում ունենալ: Բնականաբար, եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը: Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կառույցներ»,-նշել է Սերժ Սարգսյանը:  

ՀՀ նախագահը անդրադարձել է  նաև ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման խնդրին՝ նշելով. «Մենք երբեք այդ հարցին դեմ չենք արտահայտվել, բայց կարծում ենք, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջական ու վերջնական լուծում ստանա: Մենք պատրաստակամություն էինք հայտնել համապատասպան փաստաթուղթ ստորագրել, որը կնախատեսեր հակամարտության համապարփակ կարգավորում՝ այդ թվում նաև մեր երկու կողմերի միջև խաղաղապահների տեղակայում: Սակայն ադրբեջանցիները չցանկացան դա»:

Թարգմանությունը՝ Panorama.am