Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՄԽ համանախագահների հանդիպումներ նախատեսված են ոչ միայն Բաքվում, այլ նաև Հայաստանում և Ստեփանակերտում: Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից այդ աննախադեպ ագրեսիան չի կարող չմտահոգել:
Քոչարյանը հիշեցրեց, որ 2011 թվականին համանախագահ երկրների նախագահները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, արել են հայտարարություն, որում բառացի ասել են, որ ժամանակին ուժի կիրառումն էր, որ հանգեցրեց ներկա իրավիճակին, և նոր ուժի կիրառումը կհանգեցնի նոր տառապանքների, նոր ավերվածության և կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
«Այն, ինչ հիմա տեղի ունեցավ, հենց դա է` նոր ուժի կիրառում է: Հիմա հայկական կողմերը պետք է աշխատեն և հասնեն նրան, որ լինի համապատասխան արձագանք: Բնական է, որ հարցադրումը շատ հստակ է հնչելու, որ, առանց ԼՂ լիարժեք ներգրավման, ապագա բանակցային գործընթացը չի լինի արդյունավետ: Մի բան ակնհայտ է` եթե խոսք կարող է գնալ բանակցային գործընթացի մասին, նախևառաջ պետք է կրակի դադարեցման ռեժիմը հստակ գործի, իսկ նախորդ փորձը ցույց տվեց, որ այն միջոցները, որ դրա համար կիրառվում են, բավարար չեն»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով միջազգային արձագանքին, նշեց, որ, ընդհանուր առմամբ, մեզ համար ցանկալի կլիներ ավելի հասցեագրված, ավելի հստակ արձագանք:
«Ես նկատի ունեմ պաշտոնյաներին: Կան մամուլի հրապարակումներ, որոնցում հստակ դատապարտվում է Ադրբեջանը, իսկ պաշտոնյաների կողմից, ցավոք, այդ հստակությունը չկա, և դա մտահոգիչ է, և այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք: Որովհետև առ այսօր այն հանգամանքը, որ չեն եղել հասցեագրված հայտարարություններ, Ադրբեջանն ընկալել է որպես քարտ բլանշ` այս վերջին իրադարձություններն իրականացնելու համար»,- ասաց փոխարտգործնախարարը: