Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր կայացավ ԵՄ Տեմպուսի «Արարատ» ազգային ծրագրի («Համալսարան-գործատու հայկական համակարգող գործակալություն») ամփոփիչ համաժողովը` ի ցույց հանելով այն արդյունքը, ձեռքբերումները, որոնք Հայաստանում համալսարան-գործատու համագործակցության ցանցի հաստատման և գործարկման միջոցով նպատակաուղղված են ապահովելու բարձրագույն կրթության համապատասխանելիությունը փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին և նախանշելու ստեղծված համագործակցության շարունակականությունը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ամփոփիչ համաժողովին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հայաստանում «Էրազմուս պլյուս» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից Էդգար Ալեքսանյանը, ծրագրի կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ դեկաններ, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում, ողջունելով հյուրերին ու ներկաներին, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն անդրադարձավ 2012 թվականի այն օրերին, երբ բուհը շահեց «Տեմպուսի» 3 ծրագիր, որոնց թիվը հետագայում շատացավ:
Բուհական կրթության առջև ծառացած մարտահրավերներից ռեկտորն առանձնացրեց շրջանավարտների ծառայողունակության բարձրացումը՝ նշելով, որ համալսարանները պետք է աստիճանաբար հաղթահարեն մեկուսացված, խիստ ակադեմիական կարգավիճակը և կամրջեն կրթությունը և աշխատաշուկան, որի սերտացմանն է միտված «Արարատ» ծրագիրը: Մանրամասն անդրադառնալով ծրագրի հիմնական ձեռքբերումներին՝ ռեկտորը նշեց, որ ավարտը նաև ապագա գործողությունների սկիզբն է, քանի որ կրթության որակի բարձրացումը հարատև գործընթաց է։
ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ Էդգար Ալեքսանյանը նշեց, որ «Արարատ» ծրագիրն ի սկզբանե գրավիչ էր նախարարության համար, քանի որ անդրադառնում էր բուհ-աշխատաշուկա գործունեությանը և ոլորտային շրջանակի նախագծմանը, ծրագիրն արժանացրեց բարձր գնահատականի և հետագա հաջողություններ մաղթեց:
Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը մեծապես կարևորեց «Արարատ» ծրագրի դերը գիտելիք-կարողություն-պրոֆեսիոնալիզմ շղթայի ամբողջացման ու կայացման մեջ՝ ընդգծելով, որ բուհը, ըստ էության, սոցիալական վերելակի դեր է կատարում և այդ դերակատարությունն օրեցօր զարգացնելու միտում պետք է դրսևորի: