Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության գործունեության ծրագիրը մի քանի դրույթների վրա է կառուցված. ասյօր լրագրողներին ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` երկրում առկա իրողությունները դասական մեթոդներով լուծել հնարավոր չէ, ուստի կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացումը չի կարող բերել այն նպատակների իրականացմանը, որոնք դրված են իրենց առաջ: «Կառավարության ծրագրով` պահանջները արդյունավետության նկատմամբ էապես բարձրանում են: Այս տեսակետից կարևորագույն խնդիր է դառնում հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը: Երբ խնդիրները այնպիսին են, ինչպիսին հիմա է, արագ և կտրուկ զարգացում հին մեթոդներով դժվար է ակնկալել կարճաժամկետ հեռանկարում: Պետք է կտրուկ բարձացնենք հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը»,- նշեց Մինասյանը:
Պատգամավորի խոսքով` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ավելի առարկայական ծրագիր կտեսնենք: «Եկող տարվա ապրիլի 2-ին մենք ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Կառավարության ծրագիրը կարելի է դիտարկել որպես երկու` իրար հետ կապված գործընթացների համախմբում: Հիմա` մինչև ապրիլի 2-ը 6-7 ամսվա հարցերն են ներառված ծրագրում: 6-7 ամսվա քայլերի հետ կապված` դժվար է ակնկալել, որ ծրագրում մենք կտեսնենք հստակ ցուցանիշներ. այս ընթացքում մենք կարող ենք խոսել տենդենցների մասին, գործընթացների մասին, որոնք իրենց հստակ ցուցանիշները կարող են տալ ավելի երկար ժամանակում: Այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն ավելի երկար ժամանակահատվածում, խորհրդարանական ընտրություններից հետո կստանան ավելի առարկայական ձևակերպումներ»,- ասաց ՀՀԿ-ականը:
Նա կառավարության ծրագրում դրական համարեց Իսրայելի օրինակով ազգ-բանակ գաղափարի որդեգրումը, որի գործնական արտահայտությունը դեռ կտեսնենք:
Խոսելով ծրագրի տարբեր դրական կողմերի մասին` Մինասյանը, այնուամենայնիվ, ամենակարևոր հիմնադրույթը համարեց այն, որ կառավարության ծրագրում արձանագրվում են խորքային բարեփոխումներ, որոնց առանցքում ՀՀ քաղաքացին է, և ծրագրով իրականացվող բոլոր բարեփոխումները միտված են ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգությունը, արժանապատվությունը, բարեկեցիկ կյանքը, լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ: