կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 17:12
Մշակույթ

Ալեքսանդր Թամանյանի և Ճարտարապետության թանգարան-ինստիտուտների միացումն անխուսափելի՞ է

Ալեքսանդր Թամանյանի և Ճարտարապետության թանգարան-ինստիտուտների միացումն  անխուսափելի՞ է

Վաղը կառավարությունում կքննարկվի «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» և «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացնելու մասին որոշումը: Նախատեսվում է, որ միացման արդյունքում «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ը կվերանվանվի «Ալեքսանդր Թամանյանի անվան  ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»:

Որոշման նախագծի անհրաժեշտությունը, ըստ հիմնավորման, պայմանավորված է այն հանգամանքով, երկու կազմակերպությունների հիմնական խնդիրներն ու նպատակները նույնն են և արդյունավետ կառավարման համար նպատակահարմար է վերակազմակերպել կազմակերպությունները միացման ձևով. «Հաշվի առնելով այն, որ երկու ՊՈԱԿ-ների կողմից իրականացվող գործունեության ուղղությունները համընկնում են` իրականացվող նպատակների համակենտրոնացման համար անհրաժեշտ է միավորել կազմակերպությունները»:

Ավելին, ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության նախագծի` ՊՈԱԿ-ները միացնելով` հնարավորություն է ստեղծվում ապահովել ճարտարապետությանը, քաղաքաշինությանը շինարարության արվեստին վերաբերվող արժեքների արդյունավետ հավաքագրումն ու պահպանումը, ինչպես նաև նշված բնագավառներում ստեղծագործությունների վերաբերող տվյալների բանկի ստեղծումը:

Հիշեցնենք, որ Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռը՝ Գագիկ Թամանյանը, բաց նամակ էր հղել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված էր. «Կերեք սև խավիար այդ սրահում, սակայն հիշեք, որ, քանդելով և ոչնչացնելով Թամանյանի թանգարանը, դուք երբեք հաղթանակած չեք լինի, քանի որ ավերված թանգարանի մի փոշին անգամ չի հայտնվի Ճարտարապետության թանգարանում. այդ մասին կհոգա իմ ընտանիքը»: