կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-24 13:15
Մշակույթ

Թամանյանի շենքից 9 մետրի վրա շաուրմայի ծխնելույզ է դրված, տղերքը միս են սարքում. Մեսչյան

Թամանյանի շենքից 9 մետրի վրա շաուրմայի ծխնելույզ է դրված, տղերքը միս են սարքում. Մեսչյան

Օպերային թատրոնը` որպես մեր ամենակարևոր կառույցներից մեկը, խեղդվել է սրճարանների օղակում, այդ օղակը փաթաթվել է նրա պարանոցին. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Նա նշեց, որ արդեն իսկ որոշվել է` Ազատության հրապարակի երկրորդ գոտին կկանաչապատվի, այսինքն` կանաչ տարածքը կվերադարձվի երևանցիներին:

Մեսչյանի խոսքով` օպերային թատրոնի տարածքը կանաչապատելը ո'չ իր, ո'չ էլ քաղաքապետի որոշումն է, այլ երևանցիների ցանկությունը: «Զարմանալին այն է, որ հիմա, երբ հնարավորություն կա դա անելու, տարօրինակ խոսակցություններ են պտտվում, թե, ոչինչ չարած, արդեն քանդում են: Ուրախանալու փոխարեն տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում, որը ես չեմ հասկանում, առավել ևս` եթե բիզնեսն այդտեղ չի տուժելու, քանի որ սրճարանների երկրորդ շերտը մնալու է: Այս սրճարանների տերերը մեղավոր չեն, քանի որ բիզնեսը նման բան է` եթե հնարավորություն է լինում, ընդլայնվում են: Իրականում մեղավոր են նրանց այդ տարածքում սրճարան բացելու թույլտվություն տվողները»,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:

Նա հարցրեց, թե ուշադրություն դարձրե՞լ են թատրոնի դերասանական մուտքի տարածքին: Մեսչյանի խոսքով` Թամանյանի շենքից 9 մետրի վրա շաուրմայի ծխնելույզ է դրված, «տղերքը միս են սարքում»: «Մենք խոսում ենք մեր արժեքների մասին, Թամանյանի մասին, բայց ամենակարևոր կառույցի նկատմամբ ունենք նման անլուրջ վերաբերմունք: Կարծում եմ` բիզնեսմենները կհասկանան, որ օպերայի հարակից տարածքը կանաչապատելը ոչ թե իմ, այլ երևանցիների պահանջն է»,- ասաց նա:

Մեսչյանը նշեց, որ չի կարող հստակ ժամանակացույց ասել, քանի որ խոսքը միայն սրճարանների երկրորդ գոտու ապամոնտաժման մասին չէ, այլ ամբողջ Ազատության հրապարակի վերակառուցման մասին` ընդհուպ թատրոնի շենքի նոր լուսավորության: Տարածքն ազատելը, ըստ նրա, ընդամենը առաջին քայլն է: «Համենայն դեպս, երևանցիները պետք է շատ հավանեն»,- խոսքն ամփոփեց Մեսչյանը: