կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 17:11
Քաղաքական

Իշխանափոխության ժամանակ չկա. Հովիկ Աբրահամյան

Իշխանափոխության ժամանակ չկա. Հովիկ Աբրահամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե հայրենիքին մատուցած ի՞նչ ծառայությունների համար է օրերս Լևոն Սարգսյանը պարգևատրվել, ասաց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր պարգևատրում հիմնավորված է, դրա համար կան ծառայություններ, որոնք նախագահին ներկայացնում են մարդկանց անունները` պարգևատրման համար, այնպես որ` դրա հիմքերը կան: Իսկ այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:

Հարցին, թե հնարավո՞ր է Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը դասավանդեն ՀՀԿ դպրոցում, պատասխանեց, որ ՀՀԿ դպրոցի ստեղծման հարցը դեռ քննարկման փուլում է: «Մենք երեկ ենք այդ որոշումը կայացրել: Դեռ չենք անդրադարձել այն հարցին, թե ովքեր են այնտեղ դասավանդելու, բայց, հավանաբար, կդասավանդեն այն մարդիկ, ովքեր դրա իրավունքն ունեն, դրա համար անհրաժեշտ գիտելիքներ ունեն»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է ԸՕ նախագծի վերաբերյալ ընդդիմության առաջարկներին, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մենք ընդդիմության հետ շատ ակտիվ աշխատում ենք, յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ, որը կարվի հասարակական կառույցների կամ ընդդիմության կողմից, մենք կքննարկենք ու կընդունենք»:

 «Նոր Հայաստան»-ի կողմից իշխանափոխության քարտեզի հրապարակման կապակցությամբ էլ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Բոլորին հորդորում եմ իշխանափոխությունն իրականացնել Սահմանադրությանը համապատասխան: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն, թող աշխատեն, շատ քվեներ ստամնան և կգան իշխանության: Այնպես որ` իշխանափոխության անհրաժեշտություն չկա, անգամ` իշխանափոխության ժամանակ չկա»: