կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 14:17
Քաղաքական

Այսօր Հայաստանում իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժ չկա. ԲՀԿ-ական

Այսօր Հայաստանում իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժ չկա. ԲՀԿ-ական

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի  կարծիքով՝ այսօր Հայաստանում իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժ չկա և մինչև 2017 թվականը չի լինի: Այսօր խորհրդարանում նա լրագրողներին ասաց, որ 25 տարիների քաղաքական փորձը ցույց է տալիս, որ այս պայմաններում փողոցից այլևս իշխանության չեն գալիս:  

Հարցին, թե ինչպե՞ս փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ի «ոչ»-ը դարձավ «այո», պատգամավորը պատասխանեց, որ ԲՀԿ-ն այն ժամանակ ասել է, որ դեռ ժամանակը չէ: «Փետրվարին, հունվարին, դեկտեմբերին և այլն մենք չենք ասել, որ դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, մենք ասել ենք, որ պահը չէ, իսկ պահը կարող է նույնիսկ վաղը գալ: Երբ ասում ենք՝ կիսանախագահական կառավարման համակարգ, այդ կեսը պետք է լինի խորհրդարանը, սակայն խորհրդարանի դերը չի համապատասխանում այդ վիճակին: Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, պետք է մարդկանց ցույց տալ, որ կառավարման մոդելի փոփոխությունը բերելու է իր վիճակի փոփոխությանը»,- ընդգծեց Մելքումյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին` պատգամավորը շեշտեց, որ չի կարելի հենց սկզբից խոսել անվստահության մասին:

Մելքումյանն անդրադարձավ նաև փետրվարյան հայտնի դեպքերից հետո ԲՀԿ-ի «ցավազրկման» գործընթացին և նշեց, որ քաղաքականության մեջ դեպքեր են պատահում, որ երբեմն էլ ցավոտ է լինում, սակայն դրանք չեն անհանգստացնում, քանի որ ցավազրկողներ կան: Ըստ նրա` իրենց «ցավազրկողները» հենց իրենց ներսից են եղել:  «Մենք ցավազրկողները պահում ենք մեզ մոտ, դա քաղաքական զինանոցի մի մասն է, սակայն որքան քիչ օգտագործես, այնքան լավ, այսինքն` խրոնիկ չդառնա»,- ընդգծեց պատգամավորը: