կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 18:07
Հասարակություն

Ջրային տնտեսությունը հանձնարարել է «հնարավորության դեպքում» ապահովել ջրով

Ջրային տնտեսությունը հանձնարարել է «հնարավորության դեպքում» ապահովել ջրով

Արդեն հայտնել ենք, որ հանրապետության մի շարք տարածքներում վերջին օրերին գրանցված բացասական ջերմաստիճանը հանգեցրել է մի շարք ծառատեսակների ցրտահարությանը: Yerkir.am-ը զրուցեց ցրատահարությունից տուժած մի շարք համայնքների ղեկավարների հետ, ովքեր նշեցին, որ կանխարգելիչ միջոցառումներ չեն կարողացել իրականացնել, որովհետև համապատասխան միջոցներ չեն ունեցել:

Նշենք, որ, կանխարգելիչ միջոցառում ասելով, նկատի ունեն ծխահարությունը և ոռոգումը: Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարել է կատարել համապատասխան միջոցառումներ, որպեսզի համայնքները ոռոգման իրականացման հետ կապված խնդիր չունենան:

Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի հետ, սակայն` ապարդյուն: Այնուամենայնիվ, կարողացանք կապ հաստատել վերոնշյալ կառույցի մամուլի ծառայության պատասխանատու Նունե Դավթյանի հետ, ով հայտնեց, որ համապատասխան հանձնարարականներ տրվել են բոլոր` 37 ջրօգտագործողներին` հնարավորության դեպքում ապահովել ջրով: Նունե Դավթյանի խոսքով` «հնարավորության դեպքում» ասելով` նկատի ունի այն հանգամանքը, որ գոյություն ունեն մեխանիկական և ինքնահոս ջրամատակարարումներ, և որոշ համայքների ջրամատակարարումը կատարվում է մեխանիկական եղանակով:

Նա  նշեց նաև, որ բաց թողնված ջրի ծավալի մասին տվյալներ չի կարող հաղորդել: «Մեր ենթակայության տակ գտնվող բոլոր 37 ջրօգտագործող ընկերություններին հանձնարարականներ տրվել են: Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության հիման վրա մենք էլ ենք հանձնարարականներ տվել: Համայնքների մասով կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց մամուլի ծառայության պատասխանատուն:

Ի դեպ, նա մեր հեռախոսազրույցի կեսից հայտարարեց, որ մեր զանգը կարող է «անոնիմ» լինել ու ընդգծեց, որ հեռախոսով ինֆորմացիա չի կարող տրամադրել: «Պաշտոնական ինֆորմացիա հեռախոսազանգով չեմ կարող ասել, եթե լինի բնակչի անուն-ազգանուն, կոնկրետ գրություն, հնգօրյա ժամկետում ես դրան կտամ պաշտոնական ընթացք, այդ դեպքում նոր կարող եմ ինֆորմացիա տալ»,- եզրափակեց Նունե Դավթյանը: