կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-16 13:54
Քաղաքական

Ադրբեջանը հույս է ունեցել բլից-կրիգի միջոցով ջախջախել Արցախի բանակը և, հնարավորության դեպքում, մխրճվել Հայաստանի տարածք

Ադրբեջանը հույս է ունեցել բլից-կրիգի միջոցով ջախջախել Արցախի  բանակը և, հնարավորության դեպքում, մխրճվել Հայաստանի տարածք

ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով սահմանին առկա իրավիճակի մասին, նշեց, որ այդ հարցը պետք է արդեն դիտարկել համեմատության մեջ: Այդ առումով` հիմա իրավիճակը կարելի է կայուն համարել: Իհարկե, հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, նույնիսկ` ներթափանցման փորձեր է անում, սակայն դրանք կասեցվում են, և հակառակորդը հետ է շպրտվում:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում խաղաղապահների ներգրավմանը, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ դրա համար նախապայմաններ են պետք, նախ և առաջ պետք է կարգավորվեն բոլոր խնդիրները, քանի որ խաղաղապահները չեն կարող գալ մի տարածք, որտեղ չկարգավորված հակամարտություն է տիրում: Ըստ նրա` խաղաղապահները կարող են ներգրավվել այն բանից հետո, երբ հակամարտությունը համապարփակ ձևով լուծում ստանա, այսինքն` Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ-ն` որպես անկախ պետություն, պետք է հստակեցվեն ու ճանաչվեն սահմանները, պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական, ռազմական, մարդասիրական խնդիրները: Դրանից հետո գուցե Ադրբեջանն ու Արցախը կհամաձայնեն սահմանի երկայնքով խաղաղապահների որոշ ստորաբաժանումներ տեղակայելուն, բայց երբ ամեն ինչ կարգավորվի, գուցե խաղաղապահների անհրաժեշտություն էլ չլինի: Այնպես որ, Բաբայանի խոսքով, խաղաղապահների հարցը հեռավոր ապագայի հարց է:

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան նպատակ ուներ փոխել ստատուս քվոն, նա պատասխանեց, որ նման նպատակ Ադրբեջանն ունեցել է. հույս է ունեցել բլից-կրիգի միջոցով ջախջախել Արցախի բանակը, նաև, եթե հնարավոր լիներ, մխրճվել Հայաստանի տարածք, բայց դա չստացվեց: Այնպես որ` տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության փոփոխություն չի եղել:

Դավիթ Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունն անընդմեջ հավասարության նշան  էր դնում կողմերի միջև` անկախ այն բանից, թե որ կողմն է անընդհատ խախտումներ իրականացնում: Դա մի կողմից կարող է հասկանալի լինել` աշխարհաքաղաքական առումով, բայց դա նաև նշանակում է ագրեսորի գործողությունների նկատմամբ աչք փակել, որովհետև  երբ չես պատժում ագրեսորին, դա միմիայն խթանում է նրա  գործողությունները, և դրա վկայությունն այս վերջին պատերազմն էր:

«Եթե միջազգային հանրությունն ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեր տարիներ առաջ ագրեսորի նկատմամբ, ով ուզում է լինի խախտում կատարողը և պատերազմ սանձազերծողը, ապա այսպիսի զարգացումներ չէին լինի: Սա նոր փուլ է, և միջազգային հանրությունը պետք է խստացնի իր դիրքորոշումը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նաև հավելեց, որ այս ամենից հակառակորդը միայն մեկ դաս է քաղել, որ պարտվել է և ունեցել բազմաթիվ զոհեր, ռազմական տեխնիկայի կորուստ: Հայկական կողմը նույնպես անելու է հետևություններ, որովհետև ցանկացած բախում ցույց է տալիս թույլ և ուժեղ կողմերը, և ամեն ինչ արվելու է` անվտանգային պաշտպանական համակարգը ուժեղացնելու համար:

«Արցախը չի եղել Ադրբեջանի մաս, չի կարող լինել և չի էլ լինելու: Մեզ համար մեր  անկախությունը բացառիկ արժեք է, բայց բացառիկ արժեք է նաև մեր անվտանգությունը, որը էլ ավելի ենք ուժեղացնելու»,- ասաց Դավիթ Բաբայանը: