կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 13:13
Հասարակություն

Եկեք տարանջատենք դրամահավաքն ու կամավոր ներդրումը դպրոցներում

Եկեք տարանջատենք դրամահավաքն ու կամավոր ներդրումը դպրոցներում

Դպրոցներում պետք է իրարից տարանջատել դրամահավաքն ու կամավոր ներդրումը, քանի որ, դրամահավաքի մասին անընդհատ շեշտելով, հեղինակազրկում ենք ուսուցիչներին: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Նա նշեց նաև, որ կամավոր ներդրումներ, այո, պետք է լինեն դպրոցներում, սակայն խոսքն ամենևին էլ չի գնում տոներին ուսուցիչներին թանկարժեք նվերներ կամ գումար տալու մասին:

«Հիմա «դրամահավաք» բառը սկսել են ասոցացնել դպրոցների հետ, իսկ դրամահավաքը կաշառքն է: Եկեք զգույշ լինենք մեր արտահայտություններում: Պետք է հստակեցնել` դրամահավաքն ինչ է, ներդրումն ինչ է: Եկեք անպատվաբեր դրամահավաքը տարանջատենք կամավոր ներդրումից, այսինքն` պետք է ասել` կաշառքն է արգելվում, ոչ թե կամավոր ներդրումը»,- ասաց Բախշյանը:

Նա նշեց նաև, որ դպրոցների ներքին գնահատման հաշվետվության մեջ կամավոր ներդրման մասին կետը բաց է թողնված, և ոչ մի տնօրեն չի լրացրել այդ կետը: Իսկ թե ո՞րն է պատճառը, Անահիտ Բախշյանը դժվարացավ ասել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը նշեց, որ համակարծիք է Բախշյանի հետ` ուսուցիչն էլ կին է, և Մարտի 8-ին արգելել մի փոքրիկ նվեր գնել, սխալ է:

«Դրամահավաքն անհնար է վերացնել, ուղղակի պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչքան ներդրում է կատարվել: Չի կարելի չափազանց մեծ գումարներ հավաքել, բայց Մարտի 8-ին պետք էլ չէ կանանց մեջ առանձնացնել ուսուցիչներին»,- ասաց Մուրադյանը:

Ինչ վերաբերում է դպրոցների` ներքին գնահատման հաշվետվության մեջ կամավոր ներդրման մասին կետը բաց թողնելուն, ապա, ըստ նրա, դա ճիշտ չէ, քանի որ` որտեղ կա դրամ, պետք է լինի թափանցիկություն: