Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ. գ. դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.
«Պատմաբանի դիտարկում.
19-րդ դ. վերջի և 20-րդ դ. սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի հաջողությունը պայմանավորված էր ոչ միայն համապատասխան գաղափարական, քաղաքական, մարտական գործոններով, այլև նյութական միջոցների համալրմամբ:
Ազատագրական պայքարում ցանկացած լուրջ հաջողություն մեծապես պայմանավորված էր ֆինանսական միջոցներով, որը համապատասխանաբար ենթադրում էր զինում և կռվող ուժերի համախմբում: Օսմանյան կայսրության նման հզոր պետության դեմ պայքարում էական հաջողություն ունենալու համար անհրաժեշտ էր մարդկային, ռազմական, ֆինանսական միջոցների հավաքագրումը:
Ընդհանրապես ժողովուրդների ազգային-ազատագրական զինված շարժումները ունենում են ֆինանսավորման արտաքին և ներքին աղբյուրներ: Թուրքական պատմագրության մեջ անընդհատ շահարկվում է այն թյուր թեզը, թե իբր թուրքական բռնապետության դեմ հայ ազգային-ազատագրական պայքարը ֆինանսավորվել է օտար պետությունների, մասնավորապես Ռուսաստանի և Անգլիայի կողմից: Ցավոք, իրականում մենք չունեցանք բալկանյան ժողովուրդների բախտը, որոնց ազատագրական պայքարը շռայլորեն հովանավորվում էր հատկապես Ռուսաստանի կողմից: Ռուսները սլավոնական կոմիտեների միջոցով տարբեր առիթներով հանգանակություն էին կազմակերպում բուլղարների, սերբերի, մակեդոնացիների համար: Հայտնի է նաև աշխարհահռչակ գրող Բայրոնի կազմակերպած նյութական աջակցությունը հույն ժողովրդի ազատագրությանը:
Ռուսների և անգլիացիների կողմից հայ ազգային-ազատագրական շարժումը ֆինանսավորելու տեսակետը հիմնազուրկ է: Այլ բան է, որ նման աջակցության դեպքում մեր ազատագրական պայքարը լրջագույն հաջողություններ կունենար: Այսպիսով, կարելի է ընդունել, որ հայ ազգային-ազատագրական պայքարը զուրկ է եղել արտաքին ֆինանսավորման աղբյուրներից:
Հայ ժողովուրդը, չունենալով արտաքին աջակցություն, ստիպված էր սեփական ուժերին ապավինելով լուծել պայքարի ֆինասավորման հարցը: Ցավոք, Արևմտահայաստանի ազատագրության ֆինանսավորման գործում հայությունը ոչ համախմբված էր, ոչ էլ` կազմակերպված, այլապես ներքին աղբյուրներով նույնպես կարելի կլիներ հաջողություններ ունենալ:
Հայ ազգային-ազատագրական շարժման ղեկավարները մեծ ակնկալիքներ ունեին հայ մեծահարուստներից: Ցավոք, վերջիններս դժվարությամբ էին բացում իրենց քսակները` օժանդակելու հայրենիքի ազատագրության գործին: Ավելի տպավորիչ լինելու համար բերենք հետևյալ համեմատությունը: Քրիստափոր Միքայելյանի վկայությամբ մինչև 20-րդ դ. սկիզբը հայ հեղափոխական շարժմանը նվիրաբերված համեմատաբար ամենամեծ գումարը կազմել է 25.000 ֆրանկ: Սա այն դեպքում, երբ հույն մեծահարուստները իրենց հայրենիքի ազատագրության համար տրամադրում էին մինչև մեկ միլին ֆրանկ: Հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ, գրող Մալխասի (Արտաշես Հովսեփյան) վկայությամբ Զմյուռնիայի հայ մեծահարուստներից յուրաքանչյուրի մեկ տան արժեքով կարելի կլիներ ֆինասավորել Արևմտահայաստանի մեկ նահանգի զինումը:
Մինչև 20-րդ դ. սկիզբը հայ ազատամարտի ֆինանսավորման ծանրությունն ընկած էր ժողովրդի ոչ ունևոր խավի վրա: Հաշվի առնելով հայ ազգային-ազատագրական շարժման ծավալների ընդարձակումը, 1898-1900 թվականներին շարժման ղեկավար ուժը հանդիսացող ՀՅԴաշնակցությունը սկսեց լրջորեն մտահոգվել ու զբաղվել լրացուցիչ միջոցների կուտակման խնդրով: Ֆինանսների անհրաժեշտությունը զգացվում էր ոչ միայն զենքի ձեռք բերման, այլև քարոզչական աշխատանքների համար: Մասնավորապես, 1898թ. ՀՅԴ 2-րդ Ընդհանուր Ժողովը հանգամանորեն քննարկեց այս հարցը և կուսակցության ղեկավար մարմնին հանձնարարեց հետևողականորեն զբաղվել խնդրով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատամարտի համար անհրաժեշտ գումար կամավոր սկզբունքներով չի հավաքվում՝ Դաշնակցության Կամքը ներկայացնող մարմինը 1901թ. որոշում է դիմել բռնի դրամահավաքի, չնայած որ նախորդ ընդհանուր ժողովը դեմ էր արտահայտվել դրան: Վերոհիշյալ մարմինը հետագայում հայտնի դարձավ «Փոթորիկ» կամ «Դրամ» կոմիտե անուններով:
Հատկանշական է այն փաստը, որ «Փոթորիկ» գործողությունը ձեռնարկելիս, դաշնակցական ղեկավարները ներգրավել են բացառապես գաղափարական ու բարոյական բարձր նկարագիր ունեցող անձանց: Սա չափազանց կարևոր էր, որովհետև ոչ բոլորն էին կարողանում խուսափել գայթակղվելուց: ԱԳործողության ղեկավար Քրիստափոր Միքայելյանն ընտրեց Գրիգոր Օդաբաշյանին, Մարգար Ժամհարյանին (Մռավ), Օննիկ Նևրուզին և ևս մի քանի հոգու:
«Փոթորիկ»-ի անդամները ազգային-ազատագրական շարժման համար հայ մեծահարուստներից բռնի դրամահավաք էին կազմակերպում: Նրանք, ովքեր հրաժարվում էին, կամ այդ մասին հայտնում ոստիկանությանը, սովորաբար սեփական մահվամբ էին հատուցում: «Փոթորիկ»-ի հաջողությունը մեծապես պայմանավորվեց բռնի դրամ վերցնելու առաջին փորձով: Թիրախը մոսկվայաբնակ շուշեցի մեծահարուստ Իսահակ Ժամհարյանն էր: Վերջինիս 1902թ. սեպտեմբերին առևանգում են և պահանջում 30.000 ռուբլի (մոտ 100.000 ֆրանկ): Իսահակ Ժամհարյանը խոստանում է իրեն ազատ արձակելու դեպքում տրամադրել պահանջվող գումարը: Սակայն նա այս ամենի մասին հայտնում է ոստիկանությանը, որից հետո Գր. Օդաբաշյանը և ևս մեկ հոգի ձերբակալվում են: 1902թ. դեկտեմբերին Իսահակ Ժամհարյանը Մոսկվայի հայկական եկեղեցու բակում դաշունահարվում է: Վերջինիս ահաբեկումը մեծ տպավորություն թողեց և ճանապարհ հարթեց դրամահավաքի համար: 1903-1904թթ. «Փոթորիկ» գործողության արդյունքում հանգանակվել է շուրջ 700.000 ֆրանկ: Հետագայում, սակայն, միջազգային հանրության ճնշման ազդեցության տակ, ինչպես նաև գործողությունը վերահսկողությունից դուրս թողնելու մտավախությունից ելնելով ՀՅԴ-ն աստիճանաբար հրաժարվեց բռնի դրամահավաքի քաղաքականությունից:
Պատմությունից դասեր պետք է քաղել, որ մեր բացթողումների պատճառով ժառանգած բեռը չթողնենք սերունդներին: Այս օրերին ամբողջ աշխարհում հայությունը լայնածավալ կամավոր և ինքնաբուխ դրամահավաք է կազմակերպում Արցախի համար: Այս ողջունելի քայլը օդ ու ջրի նման անհրաժեշտ է մեր պայքարի կարևոր դրվագը հաջողությամբ ավարտելու համար: Բոլորս ենք պարտավոր…