կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-20 10:19
Հասարակություն

Այսօր Ծաղկազարդ է

Այսօր Ծաղկազարդ է

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Oվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում»:

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների՝ Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Ս. պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: 

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր։

Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողները կարող են առանց պահքը խախտելու` հաղորդվել:

 

Ծաղկազարդին նվիրված միջոցառումներն 
Արարատյան Հայրապետական թեմում

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում երեխաների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: 
 Արդեն ավանդույթ է ձևավորվել, որ Ծաղկազարդին նախընթաց շաբաթվա ընթացքում թեմի քահանաներն այցելում են մանկապարտեզներ ու դպրոցներ և երեխաների համար օրհնության կարգ կատարում:

 

 Մարտի 20-ին`  հավարտ Ս. Պատարագի, Մանուկների օրհնության կարգից զատ  մի շարք եկեղեցիներում նախատեսվում է երեխաների համար կազմակերպել կավճանկարչության մրցույթներ, ազգային խաղեր և համերգային ծրագրեր:

 Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու  բակում երիտասարդաց միության կողմից կազմակերպվեն կավճանկարչություն, ազգային խաղեր, եկեղեցու խմբակների աշխատանքների ցուցահանդես- վաճառք:

Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու բակում  նախատեսվում է երեխաների համար կկազմակերպել նկարչություն թղթերի վրա, կավճանկարչություն, խաղեր, կլինեն նաև հեքիաթի հերոսներ:

 Երևանի Ս.Հովհաննես եկեղեցու բակում կիրականացվի Էրեբունի համայնքի հոգևոր դպրոցի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես – վաճառք: 

 Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում նախատեսվում է վարչական շրջանի մանկապարտեզների և տարրական դասարանների երեխաների համար կազմակերպել կավաճանկարչություն:

 Կաթողիկե Ս.Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների սաները:  

 Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կկազմակերպվի կավճանկարի մրցույթ:

 Վեդու Ս.Աստվածածին եկեղեցու բակում  կկատարվի համայնքի երեք մանկապարտեզների սաների օրհնություն: Եկեղեցու բակում ելույթ կունենա Սիսավանի պարային համույթը: 

Մարմարաշենի Ս.Գևորգ եկեղեցու բակում երիտասարդաց միության կողմից կկազմակերպվեն կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:
 Արտաշատի Ս.Հովհաննես եկեղեցու բակում  երիտասարդաց միության կողմից կկազմակերպվեն կավճանկարչության մրցույթ, ազգային խաղեր: Նախատեսվում է նաև համերգային ծրագիր:

 Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցու բակում մանկապարտեզների սաների  համար կկազմակերպվի կավճանկարչություն:

 Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու բակում կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ:

 Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում  Մանուկների օրհնության կարգից հետո օրհնված խաչեր կբաժանվեն բոլոր փոքրիկներին:

 Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու բակում կկազմակերպվի համերգային ծրագիր: Ուրախ ժամանցը համայնքի, կիրակնօրյա դպրոցի  և մանկատան սաների համար կշարունակվի մանկական սրճարանում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին