կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-12 18:50
Քաղաքական

Սերժ Սարգսյանը կմեկնի Հունաստան, ապա Կիպրոս

Սերժ Սարգսյանը կմեկնի Հունաստան, ապա Կիպրոս

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: ՀՀ Նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքի և նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Աթենքում նախատեսված է հայ-հունական երկկողմ հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո ՀՀ Նախագահը և Հունաստանի վարչապետը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը կամփոփեն երկկողմ բանակցությունների արդյունքները:

 Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը Հունաստանի Նախագահի հետ Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում ներկա կգտնվի «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

 Հունաստանից ՀՀ Նախագահը մարտի 15-ին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս, որտեղ ևս հանդիպումներ կունենա երկրի նախագահի, վարչապետի, խորհրդարանի ղեկավարի, տեղի հայ համայնքի, ինչպես նաև Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ:

 Այցի արդյունքները Հայաստանի և Կիպրոսի նախագահները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում՝ երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո:

 Սերժ Սարգսյանը կայցելի նաև Կիպրոսի համալսարան, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցների հարցերին:

 Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 16-ի երեկոյան Կիպրոսից կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ԵԺԿ հերթական գագաթնաժողովին: