Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հրավերով, այսօր պետական այցով ժամանել է Հունաստանի Հանրապետություն:
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ: Այնուհետեւ տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-հունական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակաբար զարգացման, առեւտրատնտեսական, ռազմական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման, ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացման, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, անդրադարձել` ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:
ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում տեղի է ունեցել նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն` ուղղված մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը:
Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր», «ՀՀ կառավարության եւ Հունաստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում 2011-2013թթ. համագործակցության մասին ծրագիր», «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Հունաստանի Հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության միջեւ 2012 թվականին` Հունաստանի Հանրապետությունում «Հայկական մշակույթի օրեր» եւ 2013 թվականին` Հայաստանի Հանրապետությունում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու եւ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիր»:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած համատեղ ճեպազրույցում, որտեղ նա ասել է. «Շատ շնորհակալ եմ, պարոն նախագահ Հայաստան այցելելու հրավերն ընդունելու, եւ մեզ ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նախագահի կարգավիճակում սա իմ առաջին այցելությունն է Հունաստան` չնայած բազմաթիվ անգամներ եղել եմ Ձեր հյուրընկալ եւ լավ երկրում: Բարձր մակարդակի այս շփումները մենք դիտում ենք որպես հայ-հունական քաղաքական երկխոսությունը շարունակաբար զարգացնելու փոխադարձ ցանկություն: Ուրախ եմ, որ Ձեզ հետ մենք բովանդակալից եւ արդյունավետ զրույց ունեցանք երկկողմ համագործակցության ամրապնդման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ երկկողմ մի շարք հարցերի շուրջ: Արձանագրեցինք, որ կարող ենք ավելին անել եւ պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-հունական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու, այդ փոխգործակցությանը նոր դինամիկա հաղորդելու ուղղությամբ: Հարուստ իրավապայմանագրային դաշտը, որ ընդգրկում է երեք ու կես տասնյակ պայմանագրեր, այսօր էլ ավելի հարստացավ եւ մեր գերատեսչություններին համագործակցելու ավելի մեծ հնարավորություն ընձեռեց:
Կուզենայի հատուկ առանձնացնել պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցությունը: Հաշվի առնելով, որ այդ գերատեսչությունները, դրանց գործունեությունը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում:
Կարեւորեցինք հայ եւ հույն գործարարների Աթենքում ընթացող համաժողովը եւ եկանք այն եզրակացության, որ ինչպես Հունաստանի, այնպես էլ Հայաստանի տնտեսությունները թոթափում են ճգնաժամի հետեւանքները, եւ մեր գործարարները կարող են շատ բան անել` օր առաջ այդ ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար:
Մենք երկուստեք կարեւորեցինք մշակութային կապերի եւ մարդկային շփումների ընդլայնման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Եվ ես վստահ եմ, որ գալիք տարիներին անցկացվելիք հայկական մշակութային օրերը Հունաստանում եւ հունական մշակութային օրերը Հայաստանում անցնելու են բարձր մակարդակով եւ էլ ավելի են ամրապնդելու մեր մշակութային կապերը, մեր բարեկամ ժողովուրդների հարաբերությունները:
Ես իմ հույն գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Վերահաստատեցի հայկական կողմի դիրքորոշումը, որ, չնայած Բաքվի կողմից ուժի կիրառման անվերջ սպառնալիքներին, մենք հավատարիմ ենք հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափով կարգավորելու քաղաքականությանը:
Հայաստանը փորձեց Թուրքիային ընդառաջ քայլ կատարել` հարեւան երկրներին վայել հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց չգտանք անհրաժեշտ քաղաքական կամք Թուրքիայի կողմից: Ես ուրախ եմ լսելու, որ նաեւ մեր գործընկերները դեմ չեն Թուրքիայի անդամակցությանը եւրոպական միությանը, բայց այդ նպատակակետն անցնում է սեփական անցյալի եւ հարեւանների հետ քաղաքակիրթ գործակցության ճանապարհներով: Եվ երբ Թուրքիան համապատասխանի եւրոպական չափանիշներին, մենք կունենաք ավելի կանխատեսելի հարեւան:
Մենք ընդգծեցինք նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Պարոն նախագահ, ամփոփելով խոսքս` թույլ տվեք մեկ անգամ եւս հույս հայտնել, որ հայ-հունական համագործակցությունն օր-օրի զարգանալու է: Մեկ անգամ եւս շնորհակալ եմ ջերմ ընդունելության, Ձեր բարի կամքի համար եւ վստահ եմ, որ եւ այսօր, եւ վաղը ես արդյունավետ հանդիպումներ եմ ունենալու Հունաստանում»,- ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ԶԼՄ ներկայացուցիչների հետ ունեցած համատեղ ճեպազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: