կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-05 20:56
Քաղաքական

Սպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը

Սպասվում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով առաջին գագաթնաժողովը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:

Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ-հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների և ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին: Մեր երկրների միջպետական և միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, և հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաև այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել և արդյունքներն ավելացնել:

Ես հաճույքով եմ հիշում նաև սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ: Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները և պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին: Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում: Դա շատ կարևոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, և մեր ժողովուրդը մեծ գնահատանքով է հիշում այն փաստը, որ դեռևս 1996 թվականին Հունաստանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ արձանագրենք, որ 2015 թվականին Հայաստանի խորհրդարանը նույնպես պաշտոնապես ճանաչել է հույների, ասորիների ցեղասպանությունը: Կարծում եմ՝ այս փաստը հիմք է ստեղծում, որ մենք գլոբալ անվտանգության հարցերում նույնպես համագործակցության ուղիներ փնտրենք, որովհետև մեզ համար ցեղասպանությունների ճանաչումը ոչ միայն պատմության ճանաչման խնդիր է, այլև գլոբալ անվտանգության և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված կարևոր ջանք:

Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և արտահայտել իմ գոհունակությունը Ձեր այցի առիթով: Համոզված եմ՝ սա նոր, ավելի լավ դինամիկա կհաղորդի մեր երկրների հարաբերություններին»,– նշել է վարչապետ Փաշինյանը:

Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել. «Պեկինում մեր հանդիպման ժամանակ ես Ձեզ խոստացա, որ մեկ տարվա ընթացքում կայցելեմ Հայաստանի Հանրապետություն և շատ ուրախ եմ, որ կարողացա կատարել իմ այդ խոստումը: Երկրորդը, որ ուզում եմ նշել՝ ուրախ եմ, որ Հայաստանը մասնակցում է հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, քանի որ այդ ձևաչափը շատ կարևոր է: Հույս ունեմ, որ այդ ձևաչափի շրջանակում Հայաստանն իր դերակատարությունը և նպաստը կբերի քաղաքակրթությունների ամրապնդման շրջանակում համագործակցությանը:

Մենք հատկապես ողջունում ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողմից գործադրված ջանքերը, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դա շատ կարևոր քայլ է, և մենք մեր կողմից մեր աջակցությունն ենք ցուցաբերում այդ հարցին: Մյուս կողմից, շատ ուրախ եմ, որ այդ պայքարի շրջանակում Հայաստանն իր հերթին ճանաչել է հույների և ասորիների ցեղասպանությունը: Միևնույն ժամանակ, ողջունում ենք և ուրախանում, որ վերջերս Ամերիկայի Միացյալ Նախանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա շատ կարևոր է: Մենք դա չենք անում վրեժխնդրության համար, մենք դա անում ենք, որպեսզի այլևս երբևէ չկրկնվեն նմանատիպ հանցագործություններ և ոճրագործություններ:

Շատ ուրախ եմ և ողջունում եմ այն եռակողմ համագործակցությունը, որը կա Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև: Հանդիպումներ պետք է տեղի ունենան Արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև երկրների ղեկավարների մակարդակով: Վստահ եմ, որ եռակողմ ձևաչափով համագործակցությունը ոչ միայն օգուտներ կարող է բերել և արդյունավետ կարող է լինել յուրաքանչյուր երկրի համար, այլև ընդհանրապես Հայաստանի՝ Եվրոպական միության հետ համագործակցության համար»:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ և կարևորել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությունը՝ մարտահրավերներին միասնական դիմագրավելու և ընդհանուր շահերը պաշտպանելու առումով:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և բարձր գնահատել երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես, հայ սպաների համար Հունաստանում ուսումնառության ծրագրերի կազմակերպման առումով:

«Պարոն նախագահ, մեր երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարի առումով բոլոր հիմքերն ունենք»,– ասել է վարչապետ Փաշինյանը:

«Համոզված եմ՝ մեր եռակողմ համագործակցության ձևաչափը կարող է մեծ արդյունքներ ապահովել: Հայ ժողովրդին մաղթում եմ հաջողություններ և բարգավաճում»,– իր հերթին նշել է Հունաստանի նախագահը: