Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել այն մասին, որ ժամանել է Թբիլիսի՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցի շուրջ քննարկումների։ Թե ի՞նչ քննարկումներ են դրանք, ո՞վ կամ ովքե՞ր են կազմակերպել, ի՞նչ ձևաչափով է այն անցկացվում, ովքե՞ր են մասնակիցները, ինչո՞ւ Վրաստանը կապ ունի դրա հետ, ընդհանրապես հայտնի չէ։
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այս կապակցությամբ այսօր նշել է․ «Դա անհնար է, քանի որ Ղարաբաղյան հարցի քննարկման համար կա համապատասխան ֆորմատ և երկու կողմեր»: Քոչարյանի մեկնաբանությունը երկու հնարավոր բան է նշանակում։ Կա\'մ ԱԳՆ-ում իսկապես տեղյակ չեն նման քննարկումներից, կա\'մ, որ շատ ավելի հավանական է, ԱԳՆ-ում լավ էլ տեղյակ են, պարզապես պաշտոնական Երևանն այսպես ցույց է տալիս, որ նման որևէ քննարկում, որևէ այլ բանակցային ձևաչափ չի ճանաչում։
Սակայն փաստը մնում է փաստ, որ ոչ միայն Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ԼՂ հիմնահարցի կարգավորմանը վերաբերող քննարկում, այլև ոդրան հայկական կողմից մասնակցություն է եղել։ Aysor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է, թե թբիլիսյան քննարկումները ծավալվել են փորձագիտական մակարդակով, վերաբերել են Մադրիդյան սկզբունքներին և պայմանավորվածություն է եղել չհրապարակել մանրամասները։
Թե\' Ուորլիքի գրառումը և թե\' քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հայտնած տեղեկությունը հաստատում են, որ, ՄԽ եռանախագահության ձևաչափին զուգահեռ կամ դրա ներքո, հենց փորձագիտական մակարդակով տեղի է ունենում բանակցային գաղտնի կամ կիսագաղտնի պրոցես։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին tert.am-ին տված մի հարցազրույցում Ուորլիքը հայտարարել էր․ «Մենք աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով` քննարկելու համար համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունը, կբարելավեն երկխոսության մթնոլորտը»։ ՀՀ ԱԳՆ-ն նաև դրանից հետո հերքեց որևէ այլ ձևաչափով բանակցությունների հնարավորությունը։ Մինչդեռ այն, որ նման «սեպարատ» բանակցություններ կարող էին ընթանալ, իրականում ակնհայտ էր դեռ 2014-ի հոկտեմբերից։ Այն ժամանակ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման նախօրեին, ՄԽ համանախագահների տարածաշրջանային հերթական այցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե հնարավոր է, որ շուտով Հայաստանն ու Ադրբեջանը փորձագետների մակարդակով բանակցություններ սկսեն խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման շուրջ: Արդյո՞ք Թբիլիսիում քննարկումները ծավալվում են հենց համապարփակ խաղաղության պայմանագրի մշակման շուրջ, դժվար է ասել։
Հատկանշական է, որ քննարկումներն անցկացվում են մի շրջափուլում, երբ ՄԽ եռանախագահության շրջանակում բուն բանակցային գործընթացը փաստացի դադարեցված կամ սառեցված է։ Համանախագահողներին անգամ չհաջողվեց փետրվարի սկզբին Նյու Յորքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ արդեն երեք ամիս է՝ համանախագահներն իրենք, բացի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բեռլինում կայացած հանդիպումից, որևէ այլ նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Իսկ այդ վակուումի պատճառն այն է, որ Ադրբեջանը միակողմանիորեն դուրս է եկել բանակցություններից՝ համանախագահներին իբր պատժելով ԵԽԽՎ-ում պրոադրբեջանական ուոլթերյան բանաձևի տապալմանը նպաստելու համար։
Ստացվում է, որ Բաքուն մի կողմից վիժեցնում է բանակցային գործընթացը, մյուս կողմից՝ փորձագիտական մակարդակով շարունակում ընդհատակյա բանակցությունները, որոնք, ինչպես ինքն է նշում, վերաբերում են մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերմանը, ներառյալ` նաև, ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցը շրջանցելով, խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը։ Եթե այդ կիսագաղտնի բանակցությունները, որոնք, փաստորեն, տեղի են ունենում համանախագահների մասնակցությամբ, վերաբերում են բացառապես կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, այլ ոչ թե խաղաղության պայմանագրի կետերին, անկախ նույնիսկ նրանից, որ դրանց ղարաբաղյան կողմը չի մասնակցում, Երևանի լռությունը դեռ կարելի է հասկանալ։ Ի վերջո, էականը ոչ թե բանակցությունների հրապարակայնությունն է, այլ բանակցությունների շարունակումը` ինքնին։ Սակայն, դրան զուգահեռ, Բաքուն սանձազերծել է, ըստ էության, ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ֆորմատը «փչացնելու» մի նոր գործընթաց, որը հաջողելու դեպքում պարզապես անիմաստ է դառնում մտածել որևէ տեսակի բանակցության մասին` ընդհանրապես։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երկու օր առաջ հայտարարել է, որ Բաքուն արդեն դիմել է ԵԱՀԿ գործող նախագահող երկրին՝ Գերմանիային, Մինսկի խմբի համանախագահների ինստիուտի գործունեության մեթոդաբանությունը փոխելու առաջարկով։ Այդ առաջարկի էությունն այն է, որ եռանախագահության ձևաչափի փոխարեն բանակցային գործընթացում նախաձեռնողականությունն իր վրա վերցնի Մինսկի խումբն ընդհանուր առմամբ՝ դրանում ներգրավված բոլոր երկրներով, այդ թվում` Թուրքիայով և Գերմանիայով։ Ազիմովը չի թաքցրել, որ այս առաջարկի նպատակը Ադրբեջանի բանակցային դիրքերն ուժեղացնելն է և փաստացի ՄԽ-ն Հայաստանին զիջումների պարտադրելու գործիքի վերածելը։ Մանիպուլյացիոն այս քայլն, ըստ էության, հակամարտության կարգավորումը բացարձակապես նոր քաոսի վերածելն է։ Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ-ում քաղաքական որոշումները կայացվում են կոնսենսուսով և վետոյի իրավունքով, այսինքն` ինչ-որ բան համաձայնեցվում է, երբ դրան համաձայնում են բոլոր կողմերը։ Ակնհայտ է, որ որքան շատ են այդ որոշումների, բանաձևերի ընդունմանը մասնակցող երկրները, այնքան ավելի դժվար է հասնել կոնսենսուսի։ Իսկ Թուրքիայի անմիջական ներգրավումը բանակցային գործընթացում բացարձակապես անհնար է դարձնելու որևէ համաձայնության ձեռք բերում, առնվազն` Երևանի կողմից։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ այդ դեպքում պրոցեսի տապալման պատասխանատուն դառնում է հայկական կողմը, այն դեպքում, երբ ներկայիս իրավիճակում ԼՂ բանակցությունների փակուղայնության հիմնական մեղավորը ճանաչվում է հենց Ադրբեջանը։ Այսինքն` պարզ է, որ Բաքուն, բանակցային գործընթացը տապալելով, ու ՄԽ եռանախագահության ֆորմատը չեզոքացնելու փորձով պարզապես ձգտում է ճեղքել դիվանագիտական այն փակուղին, որտեղ ինքն իրեն քշել է իր անխոհեմ քաղաքականությամբ։ Եվ չնայած Ազիմովն այդ առաջարկի մասին բարձրաձայնել է երկու օր առաջ, ո\'չ պաշտոնական Երևանը և ո\'չ էլ եռանախագահողները դրան դեռ չեն արձագանքել։ Մինչդեռ, արդեն հասկանալի է, պարզաբանելու բան առավել քան կա…
Գևորգ Դարբինյան