կարևոր
3358 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 18:05
Քաղաքական

Հանդես ենք գալու պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ․ Լիլիթ Գալստյան

Այս օրերին, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ Արցախի մեր հազարավոր քուրեր ու եղբայրեր՝  դիմագրավելով ծանրագույն հումանիտար ճգնաժամը,  պայքարում են իրենց սեփական հողում ապրելու և ինքնորոշվելու իրավունքի համար, երբ գոյաբանական սպառնալիքն ավելի քան ակնհայտ է, երբ մեր շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներն օրեցօր մոտեցնում են  պատերազմի  հավանականությունը, երբ Ադրբեջանը բացահայտ ցինիկությամբ հրապարակայնացնում է էթնիկ զտումների և ցեղասպանական նկրտումների իր վարքագիծը,  երբ աշխարհասփյուռ հայությունը փորձում  է արթնացնել մարդկության խիղճն ու աշխարի ուշադրությունը սևեռել թուրքադրբեջանական օղակում սեղմվող մեր հայրենակիցների ապրելու իրավունքի վրա, այստեղ, Արցախի թիկունքում, Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից  ներազգային թշնամանքի և ազգային պառակտման տեքստեր են  հնչում: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«ԱԺ իշխանական որոշ պատգամավորների խոսույթում, վերջին շրջանում  թրենդային են դարձել Արցախյան ազգային – ազատագրական պայքարի նշանակությունը նվաստացնող, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող,   պատմական իրողությունները նենգափոխող, անգամ Հայաստանը ագրեսոր ներկայացնող տեքստերը: Քաղաքական թիվ մեկ ամբիոնից  բարձրաձայնված Հայաստանցի-Ղարաբաղցի  հակադրությունը իր բարոյականությամբ ոչ միայն սնանկ է և քստմնելի, այլև՝ հակապետական և հակազգային:

Ցավոք, իշխանական պատգամավորների հակապետական թեզերը բխում են  իշխանությունների՝  Արցախից ձեռքերը լվանալու, նրա սուբյեկտայնությունը և հայկական ապագան կասկածի տակ դնելու  քաղաքականությունից։ Սա քպական դիվանագիտական սնանկ կուրսի, արժեզուրկ արտաքին քաղաքականության հետևանքն է, որի արդյունքում փոշիացվեց  նաև միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձևաչափը:  Իսկ Ադրբեջանցիների հետ բանակցելու մեր հայրենակիցներին ուղղված ձեր  կոչը ոչ այլ ինչ է, քան նրանց յաթաղանի դեմ մենակ թողնելու քայլ»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ Արցախի ճակատագիրը մեր հավաքական ճակատագիրն է, մեր անվտանգային համակարգի անբաժանելի բաղադրիչը: Այն  երբեք որեւէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և  չի լինելու։

«Ձեզ նաև ոչ ոք  իրավունք չի տվել ուրանալու Արցախի Հանրապետության գոյության իրավունքը, մեր տեւական համազգային պայքարը:

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները՝ խստորեն դատապարտելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնել, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին: Նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ են անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում։

«Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ վերոհիշյալ և մի շարք պարագաներում ակնհայտորեն պատգամավորական վարքագծի քննարկման խնդիր կա և հանդես ենք գալու պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու միջնորդությամբ:

Իսկապես,  աներևակայելի  է, բայց ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացնելը դառնում է ակտուալ, ինչպես ձեր օրոք կարծես թե ակտուալ է դառնում ցեղասպանության ուրացման քրեականացումը»,- ավելացրեց պատգամավորը: