կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 17:19
Հասարակություն

66-ի փոխարեն` պետք է ունենանք 20-25 համալսարան. ԿԳ նախարար

66-ի փոխարեն` պետք է ունենանք 20-25 համալսարան. ԿԳ նախարար

Այս տարի հանրակրթության ոլորտում մի շարք փոփոխություններ են ուժի մեջ մտնելու: Yerkir.am-ը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե փոփոխությունների արդյունքում ինչպիսի՞ հանրակրթական համակարգ է նախատեսվում ունենալ: Ի պատասխան` Մկրտչյանը նշեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ գնում են փոփոխությունների, այսինքն` հանրակրթությունը և կրթության ոլորտն, առհասարակ,  անընդհատ բարեփոխումների մեջ են:

«Հիմա, օրինակ, Հարվարդի համալսարանը մշակում է բարեփոխումների համալիր ծրագիր և արմատապես փոխում իր կառուցվածքն ու դասավանդման ձևը: Մեր կրթական համակարգում ունենք մեծ խնդիրներ, որոնք պետք է լուծենք մինչև 2018-20 թթ., և այդ ընթացքում պետք է իրականացնենք կառուցվածքային փոփոխություններ, համակարգի կառավարման նոր չափորոշիչներ ընդունենք: Իսկ 2020-ից հետո եղածը պետք է խորացնենք: Այժմ մենք այդ փուլում ենք` վերջերս 1200-1300 ուսուցչի վերապատրաստեցինք և ձեռնարկատիրական կրթության ամբողջ բլոկը 300 դպրոցում ներդրեցինք, իսկ մյուս տարի այդ դպրոցների քանակը կավելանա: Բայց յուրաքանչյուր փորձ անելիս պետք է թողնես մեկ տարի` տեսնես ինչպես է այն աշխատում, սխալն ու ճիշտը հասկանաս և նոր անցնես հաջորդ փուլին»,- ասաց նախարարը` հավելելով, որ երբ միանգամից ամբողջական փոփոխությունների փաթեթ են փորձում դպրոցին առաջարկել, դպրոցը չի դիմանում:

Նախարարը նշեց նաև, որ բարեփոխումների արդյունքում քաղաքային դպրոցները պետք է ունենան առնվազն 300, ավագ դպրոցները` 150 աշակերտ, որպեսզի կարողանան որակյալ կրթություն իրականացնել: Ինչ վերաբերում է փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներին, ապա այստեղ էլ, ըստ Մկրտչյանի, պետք է կարողանան փոքր դպրոցների մեթոդիկան մշակել և կարգավորել ճիշտ ֆինանսավորման բանաձևը: «Փոփոխությունների արդյունքում կունենանք նաև ուսուցիչներ, ովքեր կպայքարեն, որպեսզի բարձրացնեն իրենց տարակարգը, քանի որ տարակարգից տարակարգ անցման դեպքում աշխատավարձի կրկնակի բարձրացում պետք է լինի: Բացի այդ` բարձրագույն կրթության ոլորտում էլ պետք է այնպես անենք, որ 66 բուհերի փոխարեն ունենանք 20-25 ուժեղ համալսարաններ, և ուսանողների թիվը չլինի 90 000, այլ լինի 120 000: Եթե կարողանանք այս ամենին հասնել, 2020 թվականին կրթության ոլորտի վիճակը լավ կլինի»,- ասաց նախարարը: