Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործադիրն այսօր հավանություն է տվել «Հանրային ծառայությունների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի օրենսդրական փաթեթն ԱԺ ներկայացնելու որոշմանը:
«Սա մեր քաղաքական ռեֆորմների կարեւորագույն նախաձեռնությունն է, որն առաջին հերթին վերաբերում է մեզ` կառավարության անդամներին,- ընդգծել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:- Մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք լինելու օրենքի ընդունումից հետո ներկայացնել հրապարակային դեկլարացիաներ»:
Վարչապետի խոսքով, հասարակության վերահսկողությունը նախարարների, ինչպես նաեւ 500 պաշտոնատար անձանց նկատմամբ լինելու է խիստ հրապարակային, թափանցիկությունը` բարձր, կոռուպցիոն ռիսկերը` նվազագույն: «Այն հազարավոր դեկլարացիաները, որ մենք լրացնում էինք ձեզ հետ միասին, վերաբերում են նաեւ միջին մակարդակի պետական չինովնիկներին եւ, ըստ էության, այդ դեկլարացիները որեւէ քաղաքական բովանդակություն չունեին: Իսկ այս օրենքով մենք կենտրոնանում ենք հենց 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեկլարացիաների վրա»,- նշեց Տ. Սարգսյանը` տեղեկացնելով, որ օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ Եվրամիության փորձագետների հետ, որոնք էլ առաջարկել են, որ իմաստ չունի ստեղծել ծանր կառույց, որը չի ապահովի արդյունավետություն, մանավանդ, որ իրականում հանրությանը հետաքրքրում են առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
Նշենք, որ քվորումի բացակայության պատճառով նախագիծն ԱԺ-ի կողմից չի ընդունվել, բայց կառավարության ղեկավարը վստահություն հայտնեց, որ պատգամավորները կաջակցեն կառավարությանը, եւ հնարավորություն կստեղծվի իրականացնել այս բարեփոխումը:
Վարչապետի խոսքով, օրենսդրական այս փաթեթը ոչ միայն հակակոռուպցիոն, այլեւ քաղաքական բովանդակություն ունի. «Մենք այս նոր ընտրություններին պետք է գնանք` ունենալով այս օրենքը, որը զսպաշապիկ կլինի շատերի համար: Տեղեկանալով, թե ինչպիսի հրապարակայնություն է ենթադրվում, չեն ձգտի զբաղեցնել այն պաշտոնները, որոնց նկատմամբ հիմա բոլորի մոտ շատ մեծ ձգտումներ կան»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: